Մատչելի հղումներ

Բայդենը Ամանորի ուղերձում շնորհակալություն հայտնեց առողջապահության ոլորտի աշխատողներին


Նորընտիր նախագահն ու նրա կինը իրենց հարգանքի խոսքն են ուղղել համաճարակի դեմ պայքարի առաջնագծում գտնվողներին

Նորընտիր Նախագահ Ջո Բայդենը և նրա տիկին Ջիլ Բայդենը, Նյու Յորքի Times Square- ից հեռարձակված իրենց ամանորյա ուղերձում գովասանքի խոսքեր են հնչեցրել բուժաշխատողների և համաճարակի դեմ պայքարի առաջնագծում գտնվող այլ մասնագետների հասցեին:

Ծրագրավարը հարցրեց Բայդենին և ապագա առաջին տիկնոջը, թե ինչ կցանկանան ասել այն մարդկանց, ովքեր վերջին մեկ տարվա ընթացքում պայքարում են կորոնավիրուսի համաճարակի դեմ:

«Մայրս միշտ ասում էր. արիությունն ապրում է յուրաքանչյուրի սրտում, և մի օր այն իրեն կդրսևորի: Եվ դա պատահեց այն մարդկանց հետ, ում մենք այսօր պատվում ենք: Նրանք խիզախություն ցուցաբերեցին և շատ բան արեցին», - ասաց Բայդենը: «Նրանք վտանգեցին իրենց կյանքը և շատ մեծ գործ արեցին մեզ համար: Մենք պարտական ենք նրանց»:

«Շատ երախտապարտ ենք այն ամենի համար, ինչ նրանք արել են: Նրանք հեռու մնացին իրենց ընտանիքներից ու տներից, որպեսզի ապահովեն մեր առողջությունը: Բոլոր ամերիկացիներն իսկապես գնահատում են այն, ինչ նրանք արել են մեզ համար», - իր հերթին ավելացրեց Ջիլ Բայդենը:

Նորընտիր նախագահը նաև ասաց. «Ամերիկացիների համար անհնարին ոչինչ չկա, և ես միանգամայն վստահ եմ, որ մենք կվերականգնվենք և կդառնանք ավելի ուժեղ, քան նախկինում»:

«Ամեն ինչ լավ կլինի, Ամերիկա», - հավելեց ապագա առաջին տիկինը:

«Մի՛ կորցրու հավատդ», - հորդորեց Բայդենը:

Facebook Forum

XS
SM
MD
LG