Մատչելի հղումներ

Իրանը շարունակում է սպառնալ ԱՄՆ-ին, որ Սուլեյմանիի մահը չի մնալու անպատասխան


Իրանի գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանության առաջին տարելիցի նախօրեին երկրի զինվորական հրամանատարությունը երդվում է, որ այդ մահն անպատասխան չի մնալու:

Երկրի վերնախավային Ղոդսի ուժերի նախկին հրամանատարի հիշատակի արարողությանն ուրբաթ օրը մասնակցում էին Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներ, Սիրիայի, Պաղեստինի ու Լիբանանի դիմադրության շարժման ներկայացուցիչներ ու Սուլեյմանիի ընտանիքի անդամները:

Հիշեցնենք, որ Սուլեյմանին սպանվել էր ամերիկյան ուժերի անօդաչու թռչող սարքի կողմից արձակված հրթիռի պայթյունից:

Իրանի արդարադատության հարցերով նախագահ Էբրահիմ Ռաիզին արարողության ժամանակ ասել է, թե աշխարհում չկա ապահով մի տեղ նրանց համար, ովքեր կազմակերպել էին Սոլեյմանիի սպանությունը: Նրա խոսքերով Իրանն այժմ փորձում է իրականացնել այս տարածաշրջանից ամերիկյան ուժերը դուրս բերելու ուղղությամբ գործողություններ:

Սուլեյմանիի սպանությունից հետո Ղոդսի ուժերի հրամանատարությունը ստանձնած Էսմաիլ Ղանին իր ելույթում նախազգուշացրել է ամերիկացիներին, որ վրեժն ամբողջությամբ կարող է ի կատար ածվել ամերիկյան հողի վրա:

Սոլեյմանիի սպանությունն իրականացվել էր Բաղդադում 2020 թվականի հունվարի 3-ին: Հարձակման արդյունքում սպանվել էին նաեւ Իրաքում Իրանի աջակցությունը վայելող զինված ուժերի փոխհրամանատարը եւ հինգ այլոք:

Հարձակմանն ի պատասխան, Իրանը բալիստիկ հրթիռով հարվածել էր Իրաքում ամերիկյան մի ռազմաբազայի, ինչի արդյունքում ամերիկացի տասնյակ զինվորականներ ստացել էին ուղեղի ցնցում: Ամերիկյան ուժերում զոհեր չեն արձանագրվել:

ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք ունեն մտավախություն, որ Իրանը ծրագրում է վրեժխնդիր գործողություններ: Սակայն նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի կողմից հարձակում իրականացնելու խոսակցություններն անվանում է ‘’շաղակրատանք’’: Դեկտեմբերի 20-ին Բաղդադում ԱՄՆ-ի դեսպանատան դեմ քսան հրթիռներով իրականացված հարձակումից հետո Թրամփն ասել էր, թե Իրանն ուշադրության կենտրոնում է:

‘’Բարեկամական ու առողջ մի խորհուրդ Իրանին. Եթե գետ մեկ ամերիկացի զոհվի, ես դրա համար պատասխանատու կհամարեմ Իրանին: Մտածեք այդ մասին’’, թվիթերյան իր էջում գրել է Թրամփը:

Հարցին, թե հնարավոր համարում են, որ մինչեւ իր պաշտոնավարման ավարտը Թրամփը կարող է սկսել ռազմական գործողություններ ընդդեմ Իրանի, գեներալ Հուսեին Սալամին պատասխանել է, որ Իրանին դա ընդհանրապես չի անհանգստացնում:

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերություններն ավելի սրվեցին այն բանից հետո, երբ Թրամփն իր երկիրը միակողմանիորեն դուրս բերեց Թեհրանի հետ միջուկային հարցերով կնքված միջազգային բազմակողմ պայմանագրից:

XS
SM
MD
LG