Մատչելի հղումներ

Ամերիկյան B-52 ռմբակոծիչներն անցան Պարսից ծոցի վրայով


Դա խոսում է ԱՄՆ-ի մտավախության մասին, որ Իրանը կարող է դիմել պատասխան գործողությունների՝ գեներալ Սոլեյմանիի սպանության տարելիցի կապակցությամբ

Ամերիկյան երկու B-52 ռմբակոծիչներ վերջին ամիսների ընթացքում երրորդ անգամ թռիչք են իրականացրել Պարսից ծոցի վրայով, որպես ուժի ցուցադրում: Այս ուղերձը, ենթադրաբար, ուղղված է Իրանին՝ վերջինիս ստիպելու հետ կանգնել տարածաշրջանում ԱՄՆ կամ ամերիկյան դաշնակիցների դեմ հնարավոր գործողույուններից:

Ամերիկյան ռմբակոծիչները 30-ժամյա թռիչք են կատարել Հյուսիսային Դակոտայում գտնվող Մինոտի ռազմաօդային ուժերի կայանից և չորեքշաբթի վերադարձել ռազմակայան:

«Միացյալ Նահանգները շարունակում է տեղակայել ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության պատասխանատվության ոլորտում եղած ուժերը և կարողությունները՝ կանխելու հակառակորդի ցանկացած հավանական գործողույուն և հասկացնելու, որ մենք պատրաստ ենք և կարող ենք պատասխանել ամերիկացիների կամ մեր շահերի դեմ ուղղված ցանկացած ագրեսիային», - ասում է Կենտրոնական հրամանատարության ղեկավար գեներալ Քենեթ Մակքենզին:

«Մենք հակամարտություն չենք փնտրում, բայց ոչ ոք չպետք է թերագնահատի մեր ուժերը և պաշտպանվելու մեր կարողությունը կամ վճռականությունը՝ գործելու ի պատասխան ցանկացած հարձակման», - ավելացրեց նա:

Վերջին 45 օրվա ընթացքում Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերն ավարտել են երկու նմանատիպ առաքելություններ: Դրանք արտացոլում են Վաշինգտոնում աճող անհանգստությունը, որ Իրանը կարող է նոր ռազմական քայլերի դիմել հունվարին հարևան Իրաքում ԱՄՆ-ի կողմից իրանական բարձրաստիճան հրամանատար գեներալ Քասեմ Սոլեյմանիի սպանության կապակցությամբ:

Սոլեյմանիի սպանությունից մի քանի օր անց Իրանը հրթիռային հարվածներ հասցրեց ամերիկյան ռազմակայանին, որը տեղակայված է Իրաքում: Դրա արդյունքում շուրջ 100 ամերիկացի զինվորականներ ստացել էին ուղեղի ցնցում:

ԱՄՆ-ի մտահոգությունը ավելի խորացավ այն բանից հետո, երբ Իրանի կողմից աջակցություն ստացող շիա աշխարհազորայինները հրթիռային հարված հասցրեցին Բաղդադում ԱՄՆ դեսպանատան վրա: Հարձակման արդյունքում ոչ ոք չի զոհվել, բայց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է Իրանին, որ եթե գոնե մեկ ամերիկացի զոհվի, ապա նա պատասխանատվության կենթարկի Իրանին:

Ահաբեկչությունից հետո ԱՄՆ-ը կրճատել է Բաղդադում ԱՄՆ դեսպանատան անձնակազմը:

Facebook Forum

XS
SM
MD
LG