Մայա Սանդուն, որը վերջերս ստանձնեց Մոլդովայի նախագահի պաշտոնը, հինգշաբթի օրը վարչապետի պաշտոնակատար նշանակեց այս երկրի արտաքին գործերի նախարար Աուրելիու Չոկոյին: Մասնագիտությամբ տնտեսագետ և Համաշխարհային բանկի նախկին աշխատակից Սանդուն հաղթել է Մոլդովայի նախկին նախագահ, ռուսամետ քաղաքական գործիչ Իգոր Դոդոնին: Երկրի նոր նախագահը խոստանում է պայքարել կոռուպցիայի դեմ և վերականգնել երկրի կապերը Եվրամիության հետ:
Աուրելիու Չոկոյը կարիերային դիվանագետ է: Նախքան Մոլդովայի արտաքին գործերի նախարարության ղեկավարի պաշտոնի ստանձնումը, նա եղել է Դոդոնի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական: Չոկոյը նախկինում Մոլդովայի դեսպանն էր Չինաստանում, այնուհետև ԱՄՆ-ում:
Նախորդ շաբաթ հրաժարական տվեց Մոլդովայի նախկին կառավարությունը: Օրենսդիրները Սոցիալիստական կուսակցությունից, որին պատկանում է Դոդոնը, շարունակում են մեծամասնություն ունենալ երկրի խորհրդարանում:
Չոկոյի նշանակումը որպես կառավարության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար թույլ կտա Մոլդովայի ղեկավարությանը գործել ստեղծված իրավիճակում:
Մայա Սանդուն իր հերթին հույս հայտնեց, որ երկրի Գերագույն դատարանը կհամաձայնի իր կուսակցության առաջարկի հետ՝ թույլատրելու խորհրդարանին քվեարկել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման օգտին:
«Հուսով եմ, որ դատարանը մի քանի օրվա ընթացքում կքննարկի մեր հայցը: Ես այլ տարբերակներ էլ ունեմ, բայց սա ամենաարագն է և ամենակարճը. այնպես որ, այս տարբերակը պետք է օգտագործել », - ասում է Սանդուն:
Հիշեցնենք, որ նոյեմբերին ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Դեյվիդ Հեյլը հեռախոսով զրուցել էր Մայա Սանդուի հետ ՝ շնորհավորելով նրան ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ՝ ընդգծելով երկկողմ հարաբերությունների զարգացման Վաշինգտոնի ցանկությունը, ինչպես նաև Միացյալ Նահանգների կողմից աջակցությունը Մոլդովայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը:
Facebook Forum