Մատչելի հղումներ

Մեծ Բրիտանիայի վարչապետի հայրը ցանկանում է ստանալ Ֆրանսիայի քաղաքացիություն


Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հայրը պատրաստվում է դիմել Ֆրանսիայի իշխանություններին, այս երկրի անձնագիր ստանալու խնդրանքով: Նա ասել է, թե դրա նպատակը Բրէքզիթից հետո Եվրոպական միության հետ իր կապերը պահպանելն է: Ստենլի Ջոնսոնը, որը ժամանակին եղել է Եվրոպական խորհրդարանի անդամ եւ 2016 թվականին Մեծ Բրիտանիայում անցկացված հանրաքվեի ժամանակ դեմ է քվեարկել Միությունից Բրիտանիան դուրս բերելու առաջարկին, ասել է, թե ցանկանում է դառնալ Ֆրանսիայի քաղաքացի Ֆրանսիայում ընտանեկան ամուր կապեր ունենալու պատճառով:

‘’Եթե լավ եմ հասկանում, ապա ես ֆրանսիացի եմ: Մայրս ծնվել էր Ֆրանսիայում, նրա մայրն ու հայրը զտարյուն ֆրանսիացիներ էին: Այսինքն, ես այսօր հայտարարում եմ այն մասին, ինչը պարզ ճշմարտություն է ինձ համար’’, ասել է 80-ամյա Ջոնսոնը եւ ավելացրել, թե ինքը միշտ էլ մնալու է որպես եվրոպացի:

Նրա որդին` Մեծ Բրիտանիայի ներկա վարչապետ Բորիս Ջոնսոնը Մեծ Բրիտանիան Եվրոպական միությունից դուրս բերելու 2016 թվականի հանրաքվեի կազմակերպիչներից էր, որը հավատացած է, որ Միությունից անկախ Բրիտանիան կարող է ‘’արագ ծաղկել’’ որպես ինքնիշխան պետություն:

Մեծ Բրիտանիան Եվրոպական միությունից պաշտոնապես դուրս է գալիս այս գիշեր, երբ երկիրը մուտք գործի 2021 թվականը:

XS
SM
MD
LG