Ամերիկյան հարավային Ջորջիա նահանգում մեկնարկել է վաղօրոք քվեարկություն Սենատի երկու տեղերի համար. նոյեմբերին կայացած ընտրություններում ոչ մի թեկնածու չի ստացել մեծամասնություն: Հունվարի 5-ին քվեարկության արդյունքները կորոշեն ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատում քաղաքական ուժերի հարաբերակցույունը:
ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը և նորընտիր նախագահ Ջո Բայդենը կենտրոնացել են այս ընտրությունների վրա: Դեկտեմբերի 5-ին Թրամփը նահանգի հանրահավաքում ասաց, որ «Ջորջիայի ընտրողները կորոշեն, թե որ կուսակցությունը կգլխավորի յուրաքանչյուր հանձնաժողով, կգրեն բոլոր օրենքները, կվերահսկեն հարկատուների յուրաքանչյուր դոլարը», ուստի նա կոչ արեց աջակցել գործող հանրապետական սենատորներ Քելի Լեֆլերին և Դեյվիդ Փերդուին: Դոնալդ Թրամփը նախատեսում է հերթական հանրահավաքը անցկացնել Ջորջիա նահանգի Դալթոն քաղաքում հունվարի 4-ին:
Բայդենը քարոզարշավ է անցկացրել դեմոկրատ թեկնածուներ Ռաֆայել Ուորնոկի և Ջոն Օսոֆի օգտին` դեկտեմբերի 15-ին ընտրողներին հորդորելով քվեարկել իր թեկնածուների օգտին, հնարավորություն տալ դեմոկրատներին վերահսկելու Սենատը և փոխելու Ջորջիայի բնակիչների կյանքը:
Ընտրապայքարն այստեղ երկու աթոռների համար չափազանց մրցակցային է: Ուորնոքը, ըստ էության, հավասար հնարավորություն ունի Լեֆլերի հետ: Նահանգի նահանգապետը վերջինիս նշանակել էր սենատորի պաշտոնին՝ սենատոր Ջոնի Իսաքսոնին փոխարինելու համար, ով մեկ տարի առաջ անցավ թոշակի առողջության հետ կապված խնդիրների պատճառով:
2014 թ-ին սենատոր ընտրված Փերդուի և Օսոֆի պայքարը նույնպես շատ բուռն է ընթանում: Վերջին հարցումների համաձայն Օսոֆը շատ մոտ է կանգնած իր հակառակորդին:
ԱՄՆ Կոնգրեսում այս պահին իշխանությունը բաժանված է: Ներկայացուցիչների պալատում դեմոկրատները շարունակում են վայելել մեծամասնությունը, իսկ Ջորջիայում հունվարի 5-ին կայանալիք քվեարկությունը յուրաքանչյուր կուսակցությանը հնարավորություն է տալիս վերահսկելու Սենատը:
«Եթե դեմոկրատներին հաջողվի երկու հաղթանակ տանել, այնտեղ կլինեն 50 հանրապետականներ և 50 դեմոկրատներ», - ասում է քաղաքական վերլուծաբան Շերի Բեբիտչ Ջեֆֆը:
Այս դեպքում որոշիչ ձայն է ստանում նորընտիր փոխնախագահ Քամալա Հարիսը, քանի որ ըստ ԱՄՆ սահմանադրության, երկրի փոխնախագահը նախագահում է Սենատում: Փաստորեն, Սենատը վերահսկելու համար դեմոկրատներին անհրաժեշտ է երկու տեղ, իսկ հանրապետականներին` միայն մեկը:
Բայդենը փոխեց քաղաքական ձևավորված ավանդույթները Ջորջիայում՝ նոյեմբերին հաղթելով այստեղ մեկ տոկոսով, իսկ Դեմոկրատական կուսակցության Սենատի երկու թեկնածուներին հաջողվեց ընտրույունները տեղափոխել երկրորդ փուլ՝ թույլ չտալով հանրապետական սենատորներին անցնել 50 տոկոսի շեմը:
«Դա մեծ հաղթանակ էր դեմոկրատների համար», - ասում է Ռաֆայել Սոնենշտեյնը՝ Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի պետական համալսարանի Փեթ Բրաունի ինստիտուտի գործադիր տնօրենը: «Չնայած քիչ հավանական է, որ դեմոկրատները միանգամից երկու տեղ կզբաղեցնեն, բայց առկա է նախանշան, որ Ջորջիան շարժվում է այն ճանապարհով, որով շարժվում են Հարավի մյուս հատվածները՝ այսինքն՝ դեպի նոր կոալիցիա»:
Նա ավելացրեց, որ Ջորջիայում, ինչպես նաև Վիրջինիայի հարավային հատվածում և Հյուսիսային Քարոլինայում նկատվում է բարձրագույն կրթությամբ ընտրողների ներհոսք, ովքեր հակված են քվեարկել դեմոկրատների օգտին:
«Այս նահանգներում աճում է աֆրոամերիկյան, իսպանախոս, ասիացի ամերիկացների բնակչությունը», - նկատում է Սոնենշտեյնը ՝ շեշտելով, որ դա հանգեցնում է նրան, որ ընտրողը, ըստ վերլուծաբանի, ավելի առաջադեմ է դառնում:
Իր հերթին, քաղաքական վերլուծաբան Ջեֆֆը կարծում է, որ ընթացիկ քվեարկության արդյունքը կախված կլինի նախ այն բանից, թե ինչպես հանրապետականներն ու դեմոկրատները կկարողանան համոզել իրենց կողմնակիցներին գալ ընտրությունների:
«Դեմոկրատները եռանդուն կերպով իրականացնում են բոլոր ընտրողների հետ անձնապես շփվելու քարոզարշավ՝ թակելով ընտրողների դռները նույնիսկ այս համաճարակային իրավիճակում», - ասում է քաղաքագետը ՝ ընդգծելով, որ հանրապետականները սակայն առջևում են նախընտրական արշավի համար դրամահավաք իրականացնելու հարցում:
Facebook Forum