Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսի մուտացված տեսակի առաջին դեպքը


ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը մեղադրում է Թրամփի վարչակազմին պատվաստանյութերի՝ ճիշտ տեմպերով մատակարարումը ձախողելու մեջ

Կոլորադոն տեղացրել է նահանգում Միացյալ Թագավորությունում հայտնաբերված կորոնավիրուսի մուտացված տարբերակի բացահայտման առաջին դեպքի մասին:

Մուտացված վիրուսի հայտնաբերումը հանգեցրել է Անգլիայի հարավային շրջանների մեծ մասի փակմանը:

Խոսքը 20-ից 29 տարեկան տղամարդու մասին է, որը մեկուսացած է Էլբերտ շրջանում, և վերջերս ոչ մի տեղ չի ճանապարհորդել, ասված է Կոլորադոյի նահանգապետ Ջարեդ Փոլիսի թվիթերյան էջում:

«Այս անձը սերտ կապեր չի ունեցել, բայց առողջապահական մարմինները փորձում են պարզել բոլոր հնարավոր դեպքերը և հաղորդակցումը` հարցազրույցների միջոցով նրա կապերի մանրակրկիտ հետաքննությամբ», - ասվում է թվիթում:

«COVID-19- ի այս նոր տարատեսակի մասին շատ բան չգիտենք, բայց Միացյալ Թագավորության գիտնականները նախազգուշացնում են աշխարհին, որ այն շատ ավելի վարակիչ է», - ասել է Փոլիսն ավելի ուշ անցկացված ճեպազրույցում:

Նոր տարատեսակը հայտնաբերվել է մեկ տասնյակից ավելի այլ երկրներում, ներառյալ Ֆրանսիայում, Դանիայում, Ճապոնիայում, Հարավային Կորեայում և Կանադայում, և հավանական է, որ այն արդեն տարածվում է ԱՄՆ-ում, կարծում են փորձագետները:

Նորընտիր նախագահ Բայդենը հայտարարել է, որ պլանավորում է ակտիվորեն պայքարել COVID-19- ի դեմ ՝ պաշտոնին անցնելուց հետո, և իր նախագահության առաջին 100 օրվա ընթացքում կիրականացնի շուրջ 100 միլիոն պատվաստումներ:

Բայդենը երեքշաբթի օրը քննադատել է նաև Դոնալդ Թրամփի հեռացող վարչակազմին ՝ ասելով, որ այն չի ապահովել պատշաճ քանակի պատվաստումներ:

«Պատվաստանյութեր բաժանելու Թրամփի վարչակազմի ծրագիրը հետ է մնում», - լրագրողներին ասել է Բայդենը: Նա խոստացավ հունվարի 20-ին՝ պաշտոնը ստանձնելուց հետո, անել հնարավորինն ու անհնարը՝ ճիշտ ուղղությամբ շարժվելու համար:

Մասնագետների հետ զրույցից հետո Բայդենն ասաց, որ ինքը պատրաստ է ընդունել ամենամեծ մարտահրավերը, որին երբեւէ բախվել է ԱՄՆ-ը, և կազմակերպել ամերիկացիներին կորոնավիրուսից պատվաստելու գործընթացը:

Ըստ Ջոն Հոփքինսի համալսարանի կորոնավիրուսային կենտրոնի, համաճարակի զոհ են դարձել ավելի քան 335,000 ամերիկացիներ: ԱՄՆ-ում այս վիրուսով վարակվածների թիվը անցել է 19 միլիոնը:

Թրամփի վարչակազմի գնահատականներով, մոտ 20 միլիոն ամերիկացիներ կպատվաստվեն մինչև դեկտեմբերի վերջ: Այնուամենայնիվ, ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը (CDC) հայտնում է, որ երեքշաբթի օրվա դրությամբ, երբ 2020 թ-ի ավարտին մնացել է երկու օր, պատվաստում է ստացել ընդամենը ավելի քան 2 միլիոն մարդ:

ԱՄՆ գլխավոր համաճարակաբան Էնթոնի Ֆաուչին, ով նաև Բայդենի առողջապահության ոլորտի գլխավոր խորհրդականն է, CNN- ի հետ զրույցում ևս հաստատել է, որ մինչև դեկտեմբերի վերջ նախատեսված ծրագրերը չեն կատարվել: Դրա հետ մեկտեղ, սակայն, Բայդենն ասել է, որ պատվաստանյութի հայտնվելուն պես, ինքը վստահ է, որ երկիրը կարող է վերադառնալ նորմալ վիճակին, թեկուզ ոչ անմիջապես 2021 թվականին:

Սպիտակ տան խոսնակ Քեյլի Մաքքենոնը հերքել է Բայդենի քննադատությունը ՝ առանց իր անունը հնչեցնելու:

«Նախագահ Թրամփի գործունեության շնորհիվ, որը հայտնի է ՛՛Գերբնական արագություն" անունով, անվտանգ և արդյունավետ պատվաստանյութը մշակվել է հինգ անգամ ավելի արագ, քան երբևէ պատմության մեջ նմանատիպ ցանկացած փորձ, և արդեն անվճար պատվաստանյութեր են պատրաստվել բոլոր ամերիկացիների համար», - նշել է խոսնակը: «Մոտ 20 միլիոն առաջին չափաբաժին է հատկացվել նահանգներին անհապաղ առաքման և օգտագործման համար ՝ ըստ ցուցումների, և գործընթացն արագ զարգանում է»:

Մաքքենոնն ավելացրել է, որ «չնայած կուսակցական քննադատները քաղաքական նպատակների համար այլ բան չեն առաջարկում, բացի դատարկ հռետորաբանությունից՝ ամերիկացիներին վախեցնելու համար, նախագահ Թրամփը ցույց է տալիս հստակ արդյունքներ»:

Facebook Forum

XS
SM
MD
LG