Ռուսաստանն արդեն քսան տարի ղեկավարած նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքական ամենամեծ ձեռքբերումն անցնող տարվա ընթացքում սահմանադրական փոփոխությունների առջեւ դռներ բացելն էր, ինչը նրան տվեց նախագահական իր ժամկետը երկարաձգելու հնարավորություն: Մի բան, որը նրան տալիս է հաջոր տասնամյակի ընթացքում նախագահի պարտականությունները կատարելու սահմանադրական իրավունք: Նրա խոսքերով, ինքը ժողովրդից ստացել է այդ իրավունքը եւ հիմա ինքը պիտի որոշի շարունակել այդքան երկար, թե ոչ:
Սակայն այս մանդատը Պուտինին է տրվում Ռուսաստանի համար ոչ այնքան լավ պայմաններում, ասում են վերլուծաբանները:
Կորոնավիրուսի համաշխարհային համաճարակը ոչ միայն տակն ու վրա է արել Ռուսաստանում կյանքը, այլ նաեւ դժվար իրավիճակի մեջ է թողել Պուտինին, որն այսօր դժվարանում է գտնել տնտեսական ճգնաժամից երկիրը դուրս բերելու ուղիներ:
Վերլուծաբան Դմիտրի Օրեշկինի խոսքերով, Պուտինը միշտ էլ Ռուսաստանը բարձրացրել է ծնկի իջած վիճակից եւ մեղքը բարդել ԱՄՆ-ի ու միջազգային խնդիրների վրա: ‘’Սոցիալական խնդիրները, թոշակները ու առողջապահական համակարգը կարծես որեւէ կապ չեն ունեցել նրա հետ’’, ասում է վելուծաբանը:
Սակայն այս տարին ցույց տվեց համաճարակի դեմ պայքարում Պուտինի անկարողությունը, երբ տնտեսությունը հայտնվեց անկումային իրավիճակում, եւ ծանր ստվեր ընկավ նրա կառավարման ձեւի վրա:
Պուտինի երկարատեւ կառավարման դեմ են հանդես գալիս հիմնականում ավելի երիտասարդ ռուսները: Մեծամասնությունը դեմ է, որ Պուտինը երկիրը կառավարի մինչեւ 2036 թվականը:
Ռեպրեսիվ նոր օրենքները և նախկին նախագահների համար անձեռնմխելիության դրույթը ենթադրում են, որ Ռուսաստանի ղեկավարը դիմում է ճարահատյալ քայլերի:
Եվ կարելի է ասել, որ նրա քաղաքական ապագայի վերաբերյալ կայացված որոշումները պարզապես հետաձգել են, բայց չեն լուծել ո՛չ երկրի խնդիրները, ո՛չ էլ` Պուտինի: