Մատչելի հղումներ

Դոնալդ Թրամփի վարչակազմը եւ Մերձավոր Արեւելքում լարվածությունը


2020 թվականի ընթացքում Մերձավոր Արեւելքում սկսվեցին բողոքի զանգվածային ցույցեր` պայմանավորված այստեղ ԱՄՆ-ի գործողություններով ու ԱՄՆ-ի կողմից կազմակերպված որոշումներով: Այս մասին վերլուծական է ներկայացուն ‘’Ասոշիեյթըդ փրես’’ լրատվական գործակալությունը:

Հիշենք անցնող տարվա հունվարի 3-ը, երբ ամերիկյան ԱԹՍ-ը հարվածեց Բաղդադին` սպանելով Իրանի գեներալ Ղասեմ Սուլեյմանիին: Հիշենք նաեւ, որ դրանից հետո Իրանն Իրաքում հարձակման ենթարկեց ամերիկյան ուժերին, նրանց ուղղությամբ արձակելով բալիստիկ հրթիռ: Սակայն կողմերի միջեւ պատերազմ սկսվելու վտանգի հենքին նախագահ Թրամփն այն օրերին հայտարարեց, որ Իրանին չի տա ռազմական պատասխան:

Հունվարի վերջին Թրամփը նոր լարվածություն առաջ բերեց Մերձավոր Արեւելքում: Նա վեր հանեց իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը լուծելու Սպիտակ տան ծրագիրը: Ծրագիր, որը գրեթե ամբողջությամբ սատարում էր Իսրայելի շահերը: Այն դարձավ պաղեստինցիների բողոքի մեծ ալիքի պատճառ:

Տարվա կեսին ուշադրության կենտրոնում հայտնվեց Սիրիան: Պատերազմից ավերված այս երկրին Ամերիկան հարվածեց տնտեսական պատժամիջոցներով եւ ճամփորդության սահմանափակումներով: Դրա արդյունքում աշխարհում որեւէ մեկը չի կարող բիզնես գործարք իրականացնել Սիրիայի պաշտոնատար անձանց կամ պետական հաստատությունների հետ: Չեն կարող նաեւ մասնակցել պատերազմից տուժած այս երկրի վերականգնման աշխատանքներին:

Դրանից անմիջապես հետո նույն հարվածն իր վրա զգաց Իրանը, երբ իրանական լիրան գրանցեց իր ամենացածր արժեքը` 1 դոլարի դիմաց 300 հազար լիրա: Դրանից երկու տարի առաջ էր ԱՄՆ-ը միակողմանիորեն դուրս եկել Իրանի հետ կնքված միջուկային միջազգային պայմանագրից ու վերսկսել պատժամիջոցներն ընդդեմ Թեհրանի:

Սեպտեմբեր ամսին իսրայելա-պաղեստինյան խնդիրը նորից հայտնվեց բեմահարթակում, երբ Իսրայելը, ԱՄՆ-ի միջնորդությամբ, դիվանագիտական պայմանագրեր կնքեց Իրանի հետ լարված հարաբերությունների մեջ գտնվող արաբական երկու երկրների` Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Բահրեյնի հետ:

Պաղեստինցիները սա ընդունեցին որպես դանակի հարված` թիկունքից եւ պաղեստինյան պետություն հիմնելու խնդրի երազանքի նկատմամբ դավաճանություն: Հոկտեմբեր ամսին Թրամփը հայտարարեց նույն քայլին գնալու արաբական մեկ այլ երկրի` Սուդանի մտադրության մասին:

Չնայած նոյեբերյան նախագահական ընտրություններում իր պարտությանը` Թրամփը շարունակում է ընդունել Մերձավոր Արեւելքի հարցով վիճահարույց որոշումներ ու վարում նման քաղականություն: Ընտրություններից երեք օր անց ԱՄՆ-ը ֆինանսական պատժամիջոցներ սկսեց ընդդեմ Լիբանանի նախկին արտգործնախարարի, Հեզբոլլահի քրիստոնյա քաղաքական գործչի դեմ: Ավելի վաղ պատժամիջոցներ էր ԱՄՆ-ը սկսել Լիբանանի կառավարության նախկին երկու անդամների դեմ, առաջ բերելով զայրույթի ալիք նաեւ Լիբանանում:

Նախագահության վերջին օրերի ընթացքում Թրամփը շարունակում է արագացնել Իրաքից ու Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումը, որը ըստ ծրագրվածի, կավարտվի Բայդենի կողմից նախագահությունը ստանձնելուց հինգ օր առաջ:

Թրամփը նոյեմբեր ամսին սկսեց պատժամիջոցների նոր ալիք ընդդեմ Իրանի: Իրանը սակայն կոչ է անում Մերձավոր Արեւելքում իր դաշնակիցներին մնալ աչալուրջ եւ խուսափել ԱՄՆ-ի հետ լարվածությունը սրելու որեւէ քայլից, որը ըստ Թերհանի, Թրամփի համար կարող է վերջին օրերի ընթացքում ծառայել որպես ռազմական հարձակումներ նախաձեռնելու առիթ:

Մերձավոր Արեւելքը, ըստ ‘’Ասոշիեյթըդ փրես’’ լրատվական գործակալության վերլուծության, մեծ զգոնությամբ ու զգուշավորությամբ է հետեում Թրամփի վարչակազմի վերջին օրերին եւ որոշ հույսեր կապում Բայդենի հետ:

XS
SM
MD
LG