Մատչելի հղումներ

Ներկայացուցիչների պալատը շրջանցում է նախագահի վետոն բյուջեի օրինագծի հարցում


Փաստաթուղթն ուղարկվել է Սենատ` քվեարկության

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը բավարար ձայներ է հավաքել՝ 741 միլիարդ ԱՄՆ դոլարի պաշտպանական ոլորտի օրինագծի շուրջ նախագահ Թրամփի վետոն շրջանցելու համար: Սա նախագահ Թրամփի նախագահության օրոք Կոնգրեսի առաջին նման որոշումն է:

Անցած շաբաթ նախագահ Թրամփը բազմիցս սպառնաց վետո կիրառել օրինագծի նկատմամբ: Փաստաթուղթը հետ ուղարկվեց Կոնգրես ՝ առարկությունների մանրամասն կետերով, որոնց թվում էին Կոնֆեդերացիայի գեներալների պատվին ռազմական կայանների վերանվանման հարցը, Գերմանիայից, Հարավային Կորեայից և Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրս բերման հնարավորության սահմանափակումները, հեռահաղորդակցման ոլորտում էթիկական կանոնների պահպանման մասին օրենքի 230-րդ մասի չեղարկումը:

Շաբաթներ շարունակ շատ ազդեցիկ հանրապետականներ, հատկապես Սենատում, ջանքեր էին գործադրում, որպեսզի Թրամփը հրաժարվեր իր նախաձեռնություններից: Նրանք պնդում էին, որ եթե նախագահը ձգտի պահպանել ռազմական կայանների անունները, որոնք կրում են Կոնֆեդերացիայի գեներալների անուններ, և դրա պատճառով չստորագրի պաշտպանության մասին օրինագիծը, որը վերջին վեց տասնամյակներում կլինի առաջին դեպքը, ապա նա կարող է հայտնվել պատմության սխալ կողմում, գրում է Washington Post- ը:

Օրենսդիրները նաև կոչ են արել Թրամփին հրաժարվել իր դիրքորոշումից հեռահաղորդակցման ոլորտի էթիկական կանոնների մասին օրենքի 230-րդ մասը չեղարկելու հետ կապված: Այս օրենքն ազատում է պատասխանատվությունից տեխնոլոգիական խոշոր ընկերություններին, այդ թվում Alphabet Inc.- ին, Twitter Inc- ին և Facebook Inc- ին` իրենց օգտատերերի տեղադրած գրառումների բովանդակության համար: Թրամփը և նրա աջակիցներից շատերը կարծում են, որ տեխնոլոգիական ընկերությունները կողմնակալ են պահպանողական գաղափարախոսության հարցում:

Դեմոկրատները և Կոնգրեսի հանրապետականներից շատերը համաձայն են, որ 230-րդ բաժինը վերանայման կարիք ունի: Նրանք նշում են, որ այն պետք է ավելի մանրամասն քննարկվի փոփոխությունների համար, այլ ոչ թե ներառվի պաշտպանության մասին օրինագծում:

Քվեարկությունից առաջ ելույթ ունենալով ՝ Ներկայացուցիչների պալատի բանակի հարցերով հանձնաժողովի բարձրաստիճան հանրապետական կոնգրեսական Մաք Թորնբերին կոչ արեց իր կուսակիցներին պաշտպանել օրինագիծը:

«Սա ճիշտ նույն օրինագիծն է, ոչ մի ստորակետ չի փոխվել», - ասաց նա:

Հանձնաժողովի նախագահ Ադամ Սմիթն ասաց, որ պաշտպանության մասին օրինագիծը հնարավորություն ընձեռեց Կոնգրեսին պատվով ավարտել տարին:

«Մենք ստեղծեցինք երկկուսակցական, երկպալատ փաստաթուղթ, որը հավաքեց ճնշող ձայների մեծամասնությունը: Եկեք ցույց տանք ամերիկացի ժողովրդին, որ օրենսդրական գործընթացն աշխատում է առնվազն մի փոքր ավելի լավ, քան կարծում է հանրությունը», - ասել է կոնգրեսականը:

Օրինագիծն ուղարկվել է Սենատ: Եթե այստեղ այն ընդունվի երկու երրորդ ձայների մեծամասնությամբ, կդառնա օրենք: Քվեարկությունը կարող է տեղի ունենալ արդեն չորեքշաբթի օրը:

Facebook Forum

XS
SM
MD
LG