Մատչելի հղումներ

Թուրքիան սպառնում է Լիբիայի կառավարության ընդդիմադիր ուժերին


Թուրքիայի պաշտպանության նախարարը սպառնում է, որ Լիբիայի ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարի զորքերի կողմից թուրքական ուժերի դեմ որեւէ հարձակում կարժանանա համազոր պատասխանի:

Հաֆթարին ‘’մարդասպան եւ պատերազմի հանցագործ’’ է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն անվանել այն բանից հետո, երբ Հաֆթարը, նկատի ունենալով Թուրքիային, ասել էր, որ իր ուժերը ‘’պատրաստվում են դուրս մղել զավթիչ ուժերին իրենց հավատքով, կամքով եւ զենքով’’:

Հիշեցնենք, որ թուրքական զորքերն այստեղ են տեղակայվել Լիբիայի ժամանակավոր կառավարությանն աջակցելու համար: Թուրքիայի պաշտպանության նախարարը սպառնացել է, որ ‘’Եթե Հաֆթարի ընդդիմադիր ուժերը դիմեն հարձակման, չեն ունենա որեւէ տեղ փախուստի դիմելու հնարավորություն’’:

Լիբիայի Ժամանակավոր կառավարության նկատմամբ Թուրքիայի աջակցության արդյունքում են հետ մղվել երկրի մայրաքաղաքը վերցնելու Հաֆթարի ուժերի գրոհները: Հաֆթարին աջակցում են Ռուսաստանը, Եգիպտոսն ու Արաբական Միացյալ Էմիրությունները:

Լիբիայի հակամարտ կողմերը հոկտեմբեր ամսին են ստորագրել հրադադարի պայմանագիր եւ որոշել ընտրություններ անցկացնել հաջորդ տարի:

Թուրքիայի պաշտպանության նախարար Աքարը շաբաթ օրն էր չսպասված այց է կատարել Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլի, քննարկելու համար Անկարայի եւ Լիբիայի ժամանակավոր կառավարության միջեւ ռազմական համագործակցության հարցեր:

Հաֆթարը հայտարարել է, որ Լիբիայում ‘’խաղաղություն չի կարող հաստատվել, եթե այստեղ ներկա են գաղութատիրական ուժեր’’:

XS
SM
MD
LG