Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում նպաստների ժամկետը լրանում է՝ Թրամփը չի ստորագրում համաճարակային օգնության օրինագիծը


ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չի ստորագրել համաճարակային օգնության և կառավարության ֆինանսավորման կարևոր օրինագիծը կեսգիշերից առաջ՝ թույլ տալով, որ գործազրկության բարձրացված նպաստները և վտարման պաշտպանությունը լրանան կիրակի ժամը 12:01-ին:

Այս շաբաթվա սկզբին Թրամփը կտրուկ քննադատել էր օգնության փաթեթի օրինագիծը և շաբաթ օրը նշել էր իր շարունակական առարկությունները դրա վերաբերյալ:

Թրամփը շաբաթ օրը թվիթերում գրել է. "Ես պարզապես ուզում եմ մեր բնակիչներին 2000 դոլար հատկացնել, այլ ոչ թե 600 դոլար, որն այժմ օրինագծում է":

Ավելի մեծ հատկացումները դիտվում են որպես նախատինք իր իսկ հանրապետական կուսակցության անդամների նկատմամբ, որոնք դիմադրել էին ավելի մեծ վճարումներ բանակցելու դեմոկրատական ջանքերին:

Աշխատանքի դեպարտամենտի տվյալների համաձայն ՝ տասնչորս միլիոն ամերիկացիներ կկորցնեն գործազրկության նպաստները:

Նորընտիր նախագահ Ջո Բայդընը Թրամփին կոչ է արել ստորագրել օրինագիծը:

"Պատասխանատվությունից նման կերպով խուսափումը կործանարար հետևանքներ կունենա: Այս օրինագիծը շատ կարևոր է: Այն պետք է ստորագրվի այժմ", - ասել է Բայդընը, ով արձակուրդն անցկացնում է իր հայրենի Դելավեր նահանգում:

Նախագահն արձակուրդն անցկացնում է Ֆլորիդայի իր հանգստավայրում, մինչ դեմոկրատներն ու հանրապետականները սպասում են, թե արդյո՞ք նա կստորագրի 2,3 տրիլիոն դոլարի օրինագիծը, որը 892 միլիարդ դոլար է ներառում կորոնավիրուսի օգնության համար: Օրինագիծը Վաշինգտոնից տեղափոխվել է նախագահի "Մար-ա-Լագո"-ի ակումբ, որպեսզի այն հասանելի լինի, եթե վերջինս որոշի այն ստորագրել:

Դաշնային կառավարության մասնակի դադարեցում կսկսվի երեքշաբթի օրը, եթե Թրամփը չստորագրի օրինագիծը: Կոնգրեսը ծրագրում է վերադառնալ աշխատանքի երկուշաբթի օրը, ընդհատելով Սուրբ ննդյան արձակուրդը:

XS
SM
MD
LG