Չորսուկես տարի, երեք վարչապետներ և երկու ընդհանուր ընտրություններ 2016 թ-ին ԵՄ-ից դուրս գալու հանրաքվեից հետո. Մեծ Բրիտանիայի Բրեքզիթը վերջնականապես հաստատվեց հինգշաբթի օրը: Երկու կողմերը պայմանավորվել են առևտրային համաձայնագրի շուրջ, որն ընդգրկում է ավելի քան 900 միլիարդ դոլարի շրջանառություն:
Երկու կողմերն էլ համաձայնագիրը շտապեցին ներկայացնել որպես յուրաքանչյուրի հաղթանակ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջnնսոնն ընդգծել է, որ հաստատվում է մեծ ազատ առևտրի գոտի, որի անմիջական մասն է Լոնդոնը, եւ որը միևնույն ժամանակ կկարողանա կատարել ազատ առևտրի պայմանագրի իր պարտավորությունները որպես Միացյալ Թագավորություն:
Իր հերթին, ԵՄ հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյնը նշել է, որ ուժի դիրքերից իրենց հաջողվեց հանդես գալ երբևէ եղած ամենալայն համաձայնագրով, որն ըստ նրա, կերտում է պատմությունը:
Համաձայնության տեքստը ավելի քան երկու հազար էջ է: Առաջիկա օրերին հավանաբար կլինեն նաև այս ուղղությամբ հետագա քննարկումներ, երբ կհրապարակվեն բոլոր մանրամասները:
Համաձայնությամբ ապրանքների համար սահմանվում է զրոյական սակագին, բայց Մեծ Բրիտանիան կհայտնվի ԵՄ միասնական շուկայից և մաքսային միությունից դուրս:
«Բանն այն է, որ այս համաձայնությունը դժվարացնում է առևտուրը: Առևտուրը Մեծ Բրիտանիայի և ԵՄ-ի միջև կդանդաղի ու կթանկանա, իսկ դա իր հերթին ունի տնտեսական հետևանքներ: Բայց այո, դա հաղթական ելույթ էր: Brexit- ն ավարտելու համար Բորիս Ջոնսոնն ընտրվեց վարչապետ, իսկ նա այժմ վերջնականապես իրականացրեց Brexit- ը »,- UK in a Changing Europe Program ծրագրի տնօրեն Անանդ Մենոնն է ասում:
Լոնդոնցիները, ովքեր շարունակում են պայքարել կորոնավիրուսի դեմ, ընդհանուր առմամբ դրական են գնահատում այս զարգացումները: Նրանց կարծիքով համաձայնությունը կարևոր է: Բրեքզիթի հոռետեսներն էլ այն ընկալում են որպես չարյաց փոքրագույն:
Շաբաթներ շարունակ ձկնորսության հետ կապված հարցերը վտանգում էին առևտրային բանակցությունները: Համաձայնությունը նշանակում է, որ եվրոպացի ձկնորսներն առաջիկա հինգ տարիներին ստիպված կլինեն զիջել իրենց ձկնորսության քվոտայի 25% -ը:
Ակնկալվում է, որ Մեծ Բրիտանիայի խորհրդարանն արագորեն կհաստատի համաձայնագիրը դեկտեմբերի 30-ի նիստին: Բայց Բրյուսելում ԵՄ օրենսդիրներն ասում են, որ մտադիր են մանրակրկիտ ուսումնասիրել համաձայնությունը և չեն շտապի վավերացման հարցում: Այսպիսով, առջևում դեռ կարող են լինել հարցեր:
Եվրոպայից դուրս գալու Մեծ Բրիտանիայի հանրաքվեն տարիներ շարունակ քաղաքական բանավեճերի առարկա էր, որը պառակտում էր երկիրը: Դա ոչ միայն քաղաքական կամ տնտեսական պայքար էր, այլ նաև ինքնության և արժեքների:
Կառավարության կանխատեսմամբ` Brexit- ը միայն հաջորդ տարի Մեծ Բրիտանիային կարժենա ՀՆԱ-ի 2% կորուստ: Բայց վարչապետ Ջոնսոնն ասում է, որ Մեծ Բրիտանիային սպասվում է «հզոր բարգավաճում» ԵՄ-ից դուրս գալուց հետո: Հունվարի 1-ից Մեծ Բրիտանիան այլևս քաղաքականապես կապված չէ ԵՄ դաշինքի հետ:
Facebook Forum