Մատչելի հղումներ

Տասներկու հոնկոնգցիներին դատելու են Չինաստանում


Չինաստանի կողմից ձերբակալված 12 հոնկոնգցիներից տասը, որոնք չորս ամիս առաջ փորձել էին այստեղից փախուստի դիմել մի նավակով, կանգնելու են Չինաստանի դատարանի առջեւ: Դատավարությունն անցկացվելու է Շենզեն քաղաքում:

Այս գործը գտնվում է մեծ ուշադրության կենտրոնում ոչ միայն Հոնկոնգում, այլ նաեւ արտասահմանյան երկրներում, քանի որ սա այն հազվադեպ դեպքերից է, երբ Պեկինի իշխանությունները ձերբակալում են ֆինանսական հանգույց հանդիսացող այս քաղաքից փախուստի դիմող անձանց: Աստիճանաբար ավելի է խորանում այն մտավախությունը, որ այս քաղաքը կորցնում է իր ինքնավարության աստիճանը:

Ձերբակալվածների ընտանիքները խնդրել էին դատավարության մասին իրենց տեղյակ պահել առնվազն քսան օր առաջ, որպեսզի ունենան նիստերին մասնակցելու հնարավորություն: Խնդիրն այն է, որ կորոնավիրուսի պատճառով Չինաստան մուտք գործող անձինք պարտավոր են տասնչորս օր մնալ կարանտինի մեջ:

Սակայն Չինաստանի իշխանությունները չեն հարգել նրանց ընտանիքի անդամների խնդրանքը: Ինչպես կասկածյալներից մեկի քույրն է ասել, Չինաստանի իշխանությունները շտապում են, որպեսզի դատավարությունն անցկացվի սուրբծննդյան տոների ընթացքում, խուսափելու համար միջազգային ուշադրությունից:

Նշված տասներկու հոնկոնգցիներին Չինաստանի սահմանապահ ուժերը հայտնաբերել էին օգոստոսի 23-ին, երբ նրանց նավակը, ըստ կասկածների, ուղղություն էր վերցրել դեպի Թայվան: Անչափահաս երկու անձանց նկատմամբ կանցկացվեն առանձին դատավարություններ: Նրանք բոլորը մեղադրվում են Հոնկոնգում հակակառավարական ցույցեր կազմակերպելու մեջ, որոնց ընթացքում տեղ էին գտել ապստամբության գործողություններ եւ ոտնահարվել էին Չինաստանի կողմից այս քաղաքում հունիս ամսին ներմուծված անվտանգության մասին կանոնները:

Հոնկոնգի կառավարությունը հայտարարել է, որ պաշտպանյալները պետք է արդարադատության առջեւ կանգնեն Չինաստանում, եւ պիտի վերադառնան Հոնկոնգ, որտեղ եւս սկսվելու է բողոքի ցույցերի հետ կապված հետաքննություն:

XS
SM
MD
LG