Մատչելի հղումներ

Թուրքիան ցանկանում է ավելի լավ հարաբերություններ ունենալ Իսրայելի հետ


Թուրքիան ցանկանում է բարելավեր հարաբերություններն Իսրայելի հետ: Այս մասին հայտարարել է Թայիփ Էրդողանը` քննադատելով հանդերձ պաղեստինցիների նկատմամբ Իսրայելի որդեգրած քաղաքականությունը եւ Հորդանան գետի արեւմտյան ափի ‘’զավթումը’’: Նրա խոսքերով, այդ քաղաքականությունն ‘’անընդունելի’’ է ու ‘’կարմիր գիծ’’` Անկարայի համար: Էրդողանն ասել է, թե Թուրքիայի ու Իսրայելի միջեւ վերսկսվել են անվտանգության հարցերով բանակցությունները:

Չնայած առեւտրային ուժեղ կապերին` վերջին տարիների ընթացքում երկու երկրների միջեւ հարաբերություններում առկա է եղել լարվածություն: 2018 թվականին կողմերը նույնիսկ հետ կանչեցին միմյանց երկրներում գտնվող իրենց դեսպաններին:

Ուրբաթ օրը ելույթ ունենալով լրագրողների առջեւ` Էրդողանն ասել է, թե Թուրքիան խնդիրներ ունի Իսրայելի ‘’վերին օղակի անձանց հետ’’, եւ որ այդ խնդիրների բացակայության դեպքում երկու երկրների հարաբերությունները կլինեին ‘’այսօրվանից տարբեր’’:

Անցած օգոստոս ամսին Իսրայելը դատապարտեց Թուրքիային` Ստամբուլում Համասի տասնյակ անդամների թուրքական անձնագրեր շնորհելու համար, եւ այդ քայլը որակեց որպես ‘չափազանց ոչ բարեկամական գործողություն’’: Հիշեցնենք, որ Համասը 2007 թվականից ի վեր երեք պատերազմ է մղել ընդդեմ Իսրայելի: Թուրքիան այսօր հայտարարում է, թե Համասը քաղաքական օրինական շարժում է, որն ընտրվել է ժողովրդավարական եղանակով:

Իսրայելը, որն այս տարվա ընթացքում պաշտոնական կապեր է հաստատել մահմեդական չորս երկրների հետ, հայտարարել է, որ աշխատանքներ են տարվում մահմեդական հինգերորդ պետության հետ կապեր հաստատելու ուղղությամբ: Թունիսը սակայն հայտարարել է, որ չունի Իսրայելի հետ հարաբերությունները բնականոն հունի մեջ դնելու մտադրություն:

Անկարան դատապարտել է Իսրայելի հետ Արաբական Միացյալ Էմիրությունների, Բահրեյնի, Սուդանի եւ Մարոկոյի հարաբերությունները շտկելու ԱՄՆ-ի կողմից իրականացված նախաձեռնությունը: Էրդողանն ավելի վաղ էր հայտարարել, թե կդադարեցնի դիվանագիտական հարաբերությունները Արաբական Միացյալ Էմիրությունների հետ: Թուրքիան քննադատել է նաեւ Իսրայելի հետ հարաբերություններ հաստատելու Բահրեյնի որոշումը, այն համարելով պաղեստինյան խնդիրը պաշտպանելու ջանքերին ուղղված ապտակ:

Պաղեստինցիները ԱՄՆ-ի կողմից միջնորդավորված բանակցություններն ու կնքված գործարքը համարում են դավաճանություն այն սկզբունքի նկատմամբ, ըստ որի Իսրայելը նախ պիտի ճանաչի անկախ պետություն հիմնելու իրենց պահանջը:

Հիշեցնենք, որ Իսրայելի հետ լիակատար հարաբերություններ Եգիպտոսը հաստատել էր 1979, Հորդանանը` 1994 թվականին:

XS
SM
MD
LG