Մատչելի հղումներ

ՌԴ-ում ԱՄՆ դեսպան. Ռուսաստանի կառավարությունում կան կիբերհարձակումների մեջ ներգրավված անձինք


ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանի պնդմամբ Ռուսաստանի կառավարական մարմինների որոշ պաշտոնյաներ ներգրավված են կիբերհարձակումների մեջ: Այդ հարձակումներն, ըստ դեսպանի, զգալի ազդեցություն են թողել ԱՄՆ-ի 2016-ի ընտրությունների վրա, այնուհետև իրավիճակը կրկնվել է երկու տարի առաջ և այս տարի

Կասկած չկա, որ Ռուսաստանի անվտանգության մարմիններում կան մարդիկ, ովքեր մշտապես ներգրավված են կիբերհարձակումներում և ԱՄՆ-ում կայացվող որոշումների վրա ազդեցություն ունենալու արշավներում: Այս կարծիքն է հայտնել «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը:

Դիվանագետի խոսքով, երբ լրագրողների ու Կոնգրեսի անդամների հետ զրույցներում իրեն հարցնում էին կիբերանվտանգության մասին, խոսքը հիմնականում ընտրություններին միջամտելու մասին էր: Նա ընդգծում է՝ 2016 թ-ին կիբերհարձակումներն էական ազդեցություն ունեցան ԱՄՆ ընտրությունների վրա, ապա իրավիճակը կրկնվեց երկու տարի առաջ և այս տարի:

Ջոն Սալիվանը «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Մայք Էկելին տված հարցազրույցում մեկնաբանեց լայնամասշտաբ կիբերհարձակումը ԱՄՆ պետական գերատեսչությունների դեմ, որի մասին հայտնի էր դարձել դեկտեմբերի սկզբին: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ասաց, որ հարձակումը շարունակվել է այս տարվա գարնանից, իսկ դրանում ներգրավված է եղել Ռուսաստանը, ինչը Մոսկվան հերքել է:

ԱՄՆ կիբերանվտանգության գործակալությունը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ կիբերլրտեսության արշավը լուրջ ազդեցություն է թողնում նահանգային և տեղական կառավարման մարմինների վրա: Հակերային արշավը, որն օգտագործում է ԱՄՆ տեխնոլոգիական SolarWinds ընկերությունը դաշնային կառույցներ ներթափանցելու համար զգալիորեն ազդել է ձեռնարկությունների ցանցերի վրա դաշնային, նահանգային և տեղական մակարդակներում, ինչպես նաև կարևո ենթակառուցվածքների և մասնավոր հատվածի վրա: Դրա մասին է հայտնում Կիբերանվտանգության և ենթակառուցվածքների անվտանգության գործակալությունը (CISA) իր կայքում տեղադրված հայտարարության մեջ: Այս պահին կիբերհարձակումների ազդեցությունը պաշտոնապես հաստատել են միայն մի քանի դաշնային պետական մարմիններ, այդ թվում ՝ ԱՄՆ ֆինանսների, առևտրի ու էներգետիկայի նախարարությունները:

Խոսելով ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունների ներկա մակարդակի մասին` ՌԴ-ում ԱՄՆ դեսպանն ընդգծել է իշխանությունների միջև վստահության անկումը: Սալիվանը հույս ունի, որ ապագայում հնարավոր կլինի լուծել ինչպես վիզային, այնպես էլ կադրային դժվարությունների հետ կապված հարցեր: Վաշինգտոնը ստիպված էր դադարեցնել Եկատերինբուրգում և Վլադիվոստոկում իր հյուպատոսությունների աշխատանքը: Նա նաև հույս ունի, որ հնարավոր կլինի վերադարձնել վստահության բարձր մակարդակը:

Facebook Forum

XS
SM
MD
LG