Մատչելի հղումներ

Բայդենը չի խոստանում ներգաղթի հարցով Թրամփի խիստ քաղաքականության արագ փոփոխություն


Այսօր, երբ ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը ստանձնելու համար Ջո Բայդընին մնացել է միայն մի քանի շաբաթ ժամանակ, նրա ավագ խորհրդականներն ասում են, թե ԱՄՆ-ի ներգաղթի ու սահմանային վերահսկողության մասին Թրամփի վարչակազմի քաղաքականությունը փոխելու համար կպահանջվի ոչ քիչ ժամանակ: Բայդընի ներքին քաղաքականության հարցերով խորհրդական Սյուզըն Ռայսի եւ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սուլիվանի խոսքերով, ԱՄՆ-ի սահմանային վերահսկողության մասին Թրամփի վարչակազմի որդեգրած քաղաքականությունը չի կարող մեկ օրվա ընթացքում չքանալ:

Նախագահի պաշտոնում ընտրված Ջո Բայդենն ասում է, թե ինքը ներգաղթի հարցն արդեն քննարկել է Մեքսիկայի նախագահ Մանուել Լոփեզ Օբրադորի եւ լատինամերիկյան այլ երկրների առաջնորդների հետ ու խոստացել ավելի մարդասիրական քաղաքականություն: Սակայն դրա համար կպահանջվի մոտ վեց ամիս ժամանակ, ասել է նա, վստահ լինելով, որ Թրամփի օրենքները միանգամից չեղարկելու դեպքում միլիոնավոր փախստականներ կկուտակվեն սահմանի վրա:

Թրամփի սահմանային վերահսկողության քաղաքականության համաձայն, Մեքսիկայի սահմանում էին մնում լատինամերիկյան այլ երկրներից ԱՄՆ մուտք գործելու նպատակ ունեցող միգրանտները, մինչեւ ԱՄՆ-ում նրանց փաստաթղթային աշխատանքների ավարտը, ինչը մեծ խնդիրների առաջ էր կանգնեցնում միգրանտ ընտանիքներին: Վերջին հարցազրույցներից մեկի ժամանակ Ջո Բայդենի անցումային թիմի պաշտոնատար անձինք ասել են, թե ԱՄՆ-ի ներգաղթի հարցերով աշխատակիցները ապաստան ստանալու դիմումները քննելու են ԱՄՆ-Մեքսիկա սահմանի վրա: Նրանց խոսքերով, իրենք աշխատելու են ‘’ապաստան հատկացնելու արդյունավետ եւ մարդասիրական համակարգ ստեղծելու վրա’’:

Այսպիսով Բայդենի հետընտրական մեկնաբանություններն ակնարկում են այն մասին, որ ներգաղթի քաղաքականության մեջ արագ փոփոխությունների հետ կապված մեծ հույսեր փայփայելն անիրատեսական է:

Բրուքինգզի հաստատությունն էլ իր աշխատության մեջ գրում է, որ գրեթե անհնար է ընդունել ներգաղթի մասին բարեփոխումների նոր ծրագիր, եթե Սենատում մեծամասնություն կազմեն հանրապետականները:

XS
SM
MD
LG