Մատչելի հղումներ

Քրդերն ակնկալում են նախագահի պաշտոնում Ջո Բայդենի աջակցությունը


Հիմնականում քրդական ուժերն էին, որոնք Իրաքում ու Սիրիայում պայքարում էին լայնածավալ տարածքները ծայրահեղական Դաեշ խմբավորումից ազատագրելու համար: Այժմ ծայրահեղականների այսպես կոչված խալիֆայությունն այլեւս գոյություն չունի, եւ քրդական խմբավորումները հույս ունեն, որ ԱՄՆ-ի հետ համագործակցությամբ, իրենք կշարունակեն ապահովել տարածաշրջանում կայունությունը:

ԱՄՆ-ում Սիրիայի ժողովրդավարական խորհրդի ներկայացուցիչ Սինամ Մոհամադի խոսքերով, Դաեշն ամբողջությամբ չի վերացվել, այլ ձեւացնում է քնած: ‘’Իսկ Սիրիայում հարատեւ խաղաղություն հաստատելու համար հարկավոր է ունենալ քաղաքական աջակցություն’’, ասում է նա:

Իրաքի քրդերը նույնպես կապում են հույսեր Բայդենի հետ: ԱՄՆ-ում քրդական տարածաշրջանային կառավարության ներկայացուցիչ Բայան Սամի Աբդուլրահմանն էլ ասում է, թե իրենց համար շատ կարեւոր է, որ Ամերիկան այստեղ պահպանի ինչպես ուժեղ դիվանագիտական, այնպես էլ` ռազմական ներկայությունը:

Որպես ԱՄՆ-ի սենատոր եւ որպես ԱՄՆ-ի փոխնախագահ, Ջո Բայդենն իրեն դրսեւորել է որպես քրդական հարցերի աջակից: Նախընտրական իր արշավի ժամանակ էլ նա հաճախ է դատապարտել նախագահ Դոնալդ Թրամփին Սիրիայի հյուսիսարեւելքից 2019 թվականի հոկտեմբեր ամսին ամերիկյան ուժերը դուրս բերելու համար: ‘’Թրամփի այդ քայլով ԱՄՆ-ը դավաճանել է մեր քուրդ դաշնակիցներին, որոնց աջակցությամբ էր հաջողվել պարտության մանտել Դաեշին’’, ասել է Բայդենը:

Փորձագետները եւս ակնկալում են, որ Բայդենը կշարունակի Սիրայում հակաահաբեկչական ռազմավարությունը, եւ նորից կունենա Իրաքի քրդերի հետ համագործակցության կարիքը: Նրանց խոսքերով, որպեսզի թույլ չտրվի Դաեշի վերածնունդը Սիրիայում, Բայդենի վարչակազմը պիտի ստանա Իրաքի քրդական ուժերի կայուն աջակցությունը:

XS
SM
MD
LG