Մատչելի հղումներ

Մեծ Բրիտանիան արգելափակման մեջ է կորոնավիրուսի նոր տեսակի հայտնաբերման արդյունքում


Ավելի քան 40 երկրներ արգելափակել են հաղորդակցությունը Մեծ Բրիտանիայի հետ այն բանից հետո, երբ անցյալ շաբաթ բրիտանական կառավարությունը հայտարարեց, որ կորոնավիրուսի նոր, ավելի վարակիչ տեսակ է հայտնաբերել

Եվրոպայի մեծ մասի հետ հաղորդակցության խափանումը քաոսային իրավիճակ է ստեղծել Մեծ Բրիտանիայում, ներառյալ խոշոր նավահանգիստներում: Մեծ Բրիտանիայի հարևանները սահմանփակումներ են մցրել Լոնդոնի հետ հաղորդակցման հարցում: Հաղորդակցությունը Մեծ Բրիտանիայի հետ սահմանափակել են նաև տասնյակ այլ երկրներ, այդ թվում ՝ Հնդկաստանը, Կանադան և Ռուսաստանը:

Երկուշաբթի օրը Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարեց, որ կառավարությունը փորձում է համոզել եվրոպական դաշնակիցներին դադարեցնել շրջափակումը՝ իր խոսքում ընդգծելով, որ Միացյալ Թագավորությունը լիովին հասկանում է իր բարեկամների մտահոգությունները COVID- ի նոր տեսակի կապակցությամբ, սակայն դրա փոխանցման ռիսկերը մեծ չեն օրինակ բեռնատար մեքենաներ մենակ վարող վարորդներից:

Սահմանափակումներն առավել սուր են զգացվում Դովերում: Մոտ տաս հազար բեռնատար մեքենաներ ամեն օր օգտագործում են երկաթուղային և լաստանավային ուղին դեպի Ֆրանսիայի Կալե նավահանգիստ: Ազգությամբ լեհ բեռնատարի վարորդ Ստանիսլավ Օլբրիչն ասում է, որ այս սահմանափակումների արդյունքում նա չի կարող վերադառնալ Լեհաստան և իր ընտանիքի հետ դիմավորելՍուրբ Ծնունդն ու Ամանորը:

Մեծ Բրիտանիան վնասներ է կրում նաև առևտրի ոլորտում: Սահմանափակումներն ուղղակիորեն ազդում են երկրի արտահանման վրա, մինչդեռ ներմուծումը ևս կարող է խաթարվել, եթե եվրոպացի վարորդները հրաժարվեն ճանապարհորդելուց: Բրիտանական սուպերմարկետները նախազգուշացրել են ապրանքների հնարավոր դեֆիցիտի մասին:

Անցյալ շաբաթվա վերջին Լոնդոնը հայտարարեց, որ հայտնաբերել է կորոնավիրուսի մուտացված մի տեսակ, որը 70% -ով ավելի արագ է փոխանցվում: Դա այլ երկրներին ստիպեց արգելափակել սահմաները Մեծ Բրիտանիայի հետ: Երեքշաբթի սպասվում է Եվրամիության արձագանքը:

Միևնույն ժամանակ, հարավային Բրիտանիայում ավելի քան 16 միլիոն մարդ, ներառյալ Լոնդոնի բնակիչները, հայտնվել են արգելափակված վիճակում: Արգելված են ոչ կարևոր բոլոր ճանապարհորդությունները: Լոնդոնի բնակիչները, սակայն, ըմբռնումով են մոտենում սահմանափակումներին՝ ընդգծելով դրանց անհրաժեշտությունը:

Գիտնականները իրենց հերթին նշում են, որ վիրուսի նոր տարբերակը էլ ավելի օրհասական է դարձնում պատվաստանյութերի զանգվածային կիրառումը: Ավելի քան կես միլիոն բրիտանացիներ օրերս ստացել են Pfizer BioNTech պատվաստանյութի իրենց առաջին չափաբաժինը:

Միևնույն ժամանակ հաշված օրեր են մնացել մինչև Մեծ Բրիտանիայի վերջնական Բրեքզիթը: Անցումային շրջանն ավարտվում է հունվարի 1-ին, բայց առևտրի պայմանագրի դրույթները դեռևս համաձայնեցված չեն: Անկախ համաձայնության բացակայությունից, սակայն, Մեծ Բրիտանիան հավանաբար կլքի ԵՄ-ը, որը նոր դժվարություններ կստեղծի հետագա առևտրի և հաղորդակցման համար:

ԱՄՆ-ը չի սահմանափակել թռիչքները Մեծ Բրիտանիայի հետ, սակայն, օրինակ, Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Քուամոն խնդրել է Մեծ Բրիտանիայից ԱՄՆ թռիչքներ իրականացնող ավիաընկերություններին անցկացնել COVID-19 թեստավորում բոլոր ուղևորների համար՝ նախքան նրանց ինքնաթիռ նստելը: Երեք ավիաընկերություններ՝ Virgin Atlantic- ը, British Airways- ը և Delta Airlines- ը, համաձայնվել են նահանգապետ Քուամոյի խնդրանքին:

ԱՄՆ-ի արևմուտյան Վաշինգտոնի նահանգի նահանգապետ Ջեյ Ինսլին էլ երկուշաբթի օրը 14-օրյա կարանտին է սահմանել Մեծ Բրիտանիայից և Հարավային Աֆրիկայից ԱՄՆ ժամանած բոլոր ուղևորների համար:

Ալերգիկ և ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի ղեկավար դոկտոր Էնթոնի Ֆաուչին երկուշաբթի օրը չէր բացառել, որ նոր կորոնավիրուսի տեսակն արդեն մուտք գործած լինի ԱՄՆ-ը: Վաշինգտոնը քննարկում է հավելյալ պահանջների սահմանման հարցը Մեծ Բրիտանիայից ժամանած բոլոր ուղևորների համար, ըստ որի՝ նրանք պետք է թեստի պատասխանի միջոցով ապացույց ներկայացնեն, որ զերծ են COVID-19-ից:

Facebook Forum

XS
SM
MD
LG