Մատչելի հղումներ

Ազգային հետախուզության տնօրենը ԱՄՆ Կոնգրեսին կներկայացնի ԼՂ կարգավիճակի մասին գնահատական


ԱՄՆ Կոնգրեսը համաձայնության է եկել 900 միլիարդ դոլարի փաթեթի շուրջ, որը կտրամադրվի մոտ ամիսներին: Այն պարունակում է նաև ԼՂ հակամարտության, Հայաստանի ու Ադրբեջանի հետ կպաված դրույթներ

ԱՄՆ Կոնգրեսը հանգել է համաձայնության 900 միլիարդ դոլարի խթանիչ նոր փաթեթի ընդունման շուրջ իր ելույթի ժամանակ ասել է Սենատում հանրապետական մեծամասնության ղեկավար Միչ Մաքքոնելը:

«Մեր քաղաքացիները շարունակում են պայքարել կորոնավիրուսի դեմ այս տոնական օրերին, և մենք նրանց միայնակ չենք թողնի», - ասել է Մաքքոնելը:

Կոնգրեսը նպատակ ունի կորոնավիրուսային օգնության փաթեթում ներառել 1,4 տրիլիոն դոլարի ծախսերի օրինագիծ, որը նախատեսում է ֆինանսավորել կառավարության ծրագրերը մինչև 2021 թվականի սեպտեմբեր ամիսը: Ըստ օրենսդիրների՝ կառավարության գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ է ընդունել ֆինանսավորման ժամանակավոր երկարացման մասին որոշում, քանզի սրա ժամկետը լրանում է կիրակի կեսգիշերին:

Այս օրինագիծը ներառում է նաև դրույթներ վերաբերվող հայ-ադրբեջանական վերջին պատերազմին ու տարածաշրջանային զարգացումներին: Օրինագծի 615 հատվածում, վերնագրված ՛՛Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածության գնահատական՛՛, նշվում է, որ օրինագծի ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 90 օր անց Ազգային հետախուզության տնօրենը Կոնգրեսի հետախուզական հարցերով հանձնաժողովներին պետք է գրավոր գնահատական ներկայացնի Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա լարվածության վերաբերյալ, այդ թվում ` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին: Ըստ օրինագծի՝ փաստաթուղթը պետք է ներառի նաև հետևյալ դրույթներ՝

(1) Տարածաշրջանում Միացյալ Նահանգների և նրա գործընկերների ռազմավարական շահերի բացահայտումը

(2) Լեռնային Ղարաբաղի շուրջ և Հայաստանի ու Ադրբեջանի սահմաններին 2020 թվականի ընթացքում ուժի կիրառման բոլոր նշանակալի դեպքերի նկարագրությունը, ներառյալ ուժի նշանակալի կիրառման յուրաքանչյուր դեպքի նկարագրությունը և գնահատականը, թե կողմերից որ մեկն է նախաձեռնել ուժի կիրառում

(3) ԱՄՆ կողմից Ադրբեջանին և Հայաստանին տրամադրված ռազմական օգնության ազդեցության գնահատականը տարածաշրջանում ուժերի հավասարակշռության տեսանկյունից և ռազմական ուժի հետագա օգտագործման հավանականությունը

(4) Տարածաշրջանում ուժի հետագա կիրառման կամ հնարավոր ապակայունացման գործողությունների հավանականության գնահատում մոտակա և միջնաժամկետ հեռանկարում

Օրինագիծը պահանջում է նաև, որ պատրաստվող փաստաթուղթը ներկայացվի առանց գաղտնի տեղեկության հրապարակման, բայց անհրաժեշտության դեպքում կարող է պարունակել գաղտնի տեղեկատվությամբ հավելված:

Սպասվում է, որ կառավարության գործունեության երկարաձգման վերաբերյալ այս օրինագծի շուրջք վեարկությունը տեղի կունենա դեկտեմբերի 21-ի ուշ երեկոյան:

Իսկ ընդհանուր խթանիչ փաթեթը, որի մասն է կազմում վերոհիշյալ կառավարության գործունեության երկարաձգման մասին օրինագիծը, կլինի ԱՄՆ պատմության մեջ մեծությամբ երկրորդ ամենամեծ տնտեսական օգնության փաթեթը մարտին ընդունված 2,3 տրիլիոն դոլար օգնության օրինագծից հետո: Կողմերը եկել են համաձայնության այն ժամանակ, երբ համաճարակը ստացել է տարածման նոր թափ՝ օրական արձանագրելով երկրում ավելի քան 214,000 վարակման դեպքեր: Ավելի քան 317,000 ամերիկացի մահացել է կորոնավիրուսի պատճառով:

Սենատի դեմոկրատական փոքրամասնության ղեկավար Չակ Շումերն ընդգծել է, որ փաթեթը բավարար աջակցություն ունի՝ Կոնգրեսի երկու պալատներում անցնելու համար:

«Վերջապես, մենք մի քանի լավ լուր ունենք ամերիկացի ժողովրդին», - հայտարարեց նա Սենատում:

Փաթեթը նախատեսում է $ 600 ուղղակի օգնություն տրամադրել ֆիզիկական անձանց, հավելել գործազրկության վճարները շաբաթական $300 հավելավճարով և հարյուր միլիարդավոր դոլարների լրացուցիչ օգնություն տալ փոքր բիզնեսին: Այն նաև կտրամադրի 25 միլիարդ դոլարի օգնություն անշարժ գույքի վարձակալության համար, նշում են աղբյուրները:

Օրենսդիրները հայտնեցին, որ նրանք հարթել են բոլոր անհամաձայնությունները Դաշնային պահուստային համակարգի հետ կապված հարցերի, կրթության ֆինանսավորման և փոքր բիզնեսի վարկավորման խնդիրների շուրջ:

Facebook Forum

XS
SM
MD
LG