Այս շաբաթ կմեկնարկի Moderna բիոտեխնիկական ընկերության կորոնավիրուսի դեմ նորպատվաստանյութի տարածումը ԱՄՆ-ում: Այսօր երկիրն արձանագրում է հակառեկորդ աշխարհում COVID-19-ով հիվանդների ու մահացածների թվով:
Չնայած, ըստ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի, Pfizer պատվաստանյութի փորձարկման ժամանակ գրանցվել է ծանր ալերգիկ ռեակցիայի վեց դեպք, ԱՄՆ պաշտոնական շրջանակները շարունակում են պնդել, որ պատվաստանյութ ըպետք է կիրառվի զանգվածային, երբ այն դառնա հասանելի:
«Մենք այն առաջարկում ենք ընդունել բոլորին, քանի որ գիտենք, որ այն 95 տոկոսով արդյունավետ է՝ ծանր հիվանդությունները կանխելու համար: Սա այն եղանակն է, որով մենք վերջ կտանք համաճարակին `պատվաստելով ամերիկացիների 70 - 80% -ը»,- ասում է ԱՄՆ առողջապահության նախարարի տեղակալ Բրեթ Ջիրոյրը:
Մեծ Բրիտանիայում վիրուսի մուտացիայի հետ կապված տեղեկությունը ստիպել է երկրի իշխանություններին նոր սահմանափակումներ կիրառել, իսկ Ֆրանսիան, Գերմանիան և եվրոպական այլ երկրներ արգելափակում են ժամանակավորապես Մեծ Բրիտանիայի հետ հաղորդակցությունը: ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ղեկավարները շեշտում են, որ պատվաստանյութերը արդյունավետ կլինեն նաև նոր վարակի դեմ, որը պարտադիր չէ, որ լինի մահացու:
«Չեմ կարծում, որ այժմ ահազանգելու որևէ պատճառ կա: Մենք շարունակում ենք հետևել իրավիճակին»,- նշում է առողջապահության փոխնախարարը:
Այսօր ԱՄՆ-ի որոշ հատվածներում նկատվում է վարակի նոր ալիքի բռնկում, հատկապես Կալիֆոռնիայում: Անգամ ամանորյա այս տոնական օրերին, փակվում են շատ հաստատություններ: Օրինակ, Apple ընկերությունը հայտարարել է, որ ժամանակավորապես փակում է Կալիֆոռնիայի իր բոլոր խանութները:
Ըստ ԱՄՆ փոխնախարարի, եթե հասարակությունը վստահի պատկան մարմիններին, ապա հնարավոր կլինի հաղթահարել համաճարակը, որը, նրա խոսքով, հավերժ չի: Դրա համար անհրաժեշտ է, որ մարդիկ միասնաբար գործեն այս ծանր ձմեռն անցկացնելու համար:
Facebook Forum