ԱՄՆ Կոնգրեսի առաջնորդները շարունակում են բանակցել 900 միլիարդ դոլար արժողությամբ նոր տնտեսական օգնության փաթեթի շուրջ, որը նրանք խոստացել են ընդունել նախքան ամանօրյա արձակուրդները:
Ակնկալվում է, որ օրենքը կներառի $ 600-ից $700 միանվագ օգնություն բնակչությանը, գործազրկության նպաստի հավելավճար, պատվաստանյութի բաշխման համար միջոցներ և աջակցություն փոքր բիզնեսներին:
«Առաջընթաց կա», - չորեքշաբթի երեկոյան ասաց Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, բայց հրաժարվեց կանխատեսել, թե երբ կավարտվի օրինագծի քննարկումը:
Օրենսդիրները ցանկանում են նախաձեռնությունը կապել բյուջեի օրինագծի հետ, որն անհրաժեշտ է ընդունել ուրբաթ երեկոյան` կառավարության գործունեության մասնակի դադարեցումից խուսափելու համար:
Ներկայացուցիչների պալատի Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սթենի Հոյերն ասաց, որ եթե այն ձախողվի, ապա երեք կամ չորս օրվա ընթացքում մեկ այլ միջանկյալ բյուջե կարող է ընդունվել՝բանակցությունների ընթացքում պետական մարմինների գործունեությունն ապահովելու համար:
«Ես չեմ ուզում, որ կառավարությունը փակվի», - շեշտեց նա:
Նախաձեռնության ընդհանուր պատկերը հայտնի է տարբեր օրենսդիրների խոսքերից, բայց մինչ այժմ կողմերին չի հաջողվել կարգավորել մի շարք տարաձայնություններ:
Հանրապետական սենատոր Ջոն Թյունի խոսքով, առաջարկվում է յուրաքանչյուր անձի համար հատկացնել 600-700 դոլար ՝ որպես ուղղակի օգնություն բնակչությանը: Սա գարնանը հատկացված գումարի մոտավորապես կեսն է: Որոշ սենատորներ, ներառյալ Բերնի Սանդերսը, հանդես են գալիս այս գումարի ավելացման օգտին:
Քննարկումներ կան նաև շաբաթական $ 300 դոլար գործազրկության նպաստների վերաբերյալ, ասաց Թյունը: Սա նույնպես մոտավորապես կեսն է նախկինում հատկացվող գումարից:
Փոքր բիզնեսին օգնելու համար առաջարկվում է հատկացնել շուրջ 330 միլիարդ դոլար:
Ըստ սենատորներից մեկի, փաթեթը կկազմի 900 միլիարդ դոլար, որից 600 միլիարդը նախատեսվում է ծածկել բյուջեի այլ հատվածների վերամշակմամբ, իսկ 300 միլիարդ դոլարը կավելացվի նոր գումարներից:
Տնտեսական անկումից հետո ամերիկյան տնտեսության վերականգնումը ակնհայտորեն դանդաղել է: Սպառողների ծախսերը, որոնք ավելացվել են ավելի քան 3 տրիլիոն դոլարով տնտեսական օգնության առաջին փուլերում, չորրորդ եռամսյակում դադարել են աճել կարանտինի միջոցառումների վերսկսման պատճառով:
Չորեքշաբթի օրը Դաշնային պահուստային համակարգը խոստացավ շարունակել ֆինանսական շուկաներ ներարկել միջոցներ անկման դեմ պայքարի համար՝ չնայած առկա դրական կանխատեսումների պատվաստման գործընթացի մեկնարկի հետ կապված:
Facebook Forum