Մատչելի հղումներ

Էրդողանի խոսքերով, ԱՄՆ-ի պատժամիջոցները չեն ազդի Թուրքիայի ռազմարդյունաբերության վրա


Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցները չեն վնասելու այս երկրի ռազմական արդյունաբերությանը: Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի նախագահ Էրդողանը: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը Թուրքիայի դեմ պատժամիջոցներ է սկսել կիրառել, Անկարային մեղադրելով ռուսական պաշտպանական համակարգեր գնելու մեջ: Պատժամիջոցներն ուժի մեջ են մտել ընդդեմ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի պաշտպանության արդյունաբերության նախագահ Իսմաիլ Դեմիրի եւ բարձրաստիճան երեք այլ պաշտոնյաների: Խնդիրը ռուսական S-400 մակնիշի հրթիռային պաշտպանական համակարգեր գնելու փաստն է:

ԱՄՆ-ի այս քայլն Անկարան անվանում է ‘’մեծ սխալ’’:

Այս առնչությամբ իր առաջին հրապարակային հայտարարության մեջ Էրդողանն ասում է, թե պատժամիջոցներից բխող խնդիրներն իրենք կարող են հաղթահարել: Նա նաեւ հայտարարել է, թե իր երկիրը կշարունակի պաշտպանական բնագավառում անկախությանը զարկ տալու ջանքերը:

Վաշինգտոնը հայտարարում է, որ S-400 տիպի համակարգերրը սպառնալիք են հանդիսանում իր F-35 մակնիշի կործանիչների եւ ՆԱՏՕ-ի լայն պաշտպանական համակարգերի համար: Թուրքիան հերքում է այս մեղադրանքը եւ պնդում, որ S-400 համակարգերը չեն ինտեգրվելու ՆԱՏՕ-ի մեջ: Էրդողանի խոսքերով, այս հարցում ԱՄՆ-ի մտահոգությունները տեխնիկական հիմքեր չունեն: Չորեքշաբթի օրվա հայտարարության մեջ նա ասում է նաեւ, որ Անկարան F-35 մակնիշի կործանիչների համար դեռեւս արտադրում է մոտ հազար մասեր, չնայած S-400-ների պատճառով այդ ծրագրից դուրս մնալու հանգամանքին:

Իր խոսքն ավարտելով` Էրդողանը ցուցադրել է թուրքական արտադրության հակահրթիռային պաշտպանության նոր համակարգը HISAR-A+, որի արտադրությունը, ըստ նրա, հետաձգվել էր դրա համար անհրաժեշտ մասերից մեկի վրա դրված բեռնարգելքի պատճառով:

Նա չի ասել, թե որ երկիրն է հրաժարվել վաճառել այդ մասը Թուրքիային:

XS
SM
MD
LG