Մատչելի հղումներ

Ընտրական կոլեգիան հաստատում է Բայդենի հաղթանակը. Վերջինս քննադատում է Թրամփին


ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում ընտրված Ջո Բայդենն, առաջին անգամը լինելով, սուր քննադատության ենթարկեց նախագահ Դոնալդ Թրամփին ու նրա աջակիցներին, հայտարարելով, թե ընտրության արդյունքները հարցականի տակ դնելու նրանց գործողությունները ‘’աննախադեպ վիրավորանք են ընդդեմ ժողովրդավարության’’: Բայդենն այս խոսքերով հանդես եկավ այն բանից հետո, երբ ընտրական կոլեգիան քվեարկեց ընտրություններում իր հաղթանակի օգտին: Երկուշաբթի օրն անցկացված կոլեգիայի քվեարկությունից հետո Բայդենն ասաց, որ նույնիսկ իշխանության չահաշահումը չի կարող կանգնեցնել իշխանության խաղաղ անցումը:

Կոլեգիայի ընտրիչները Բայդենին տվեցին 306 ձայն, Թրամփի 232-ի դիմաց, երբ նախագահի պաշտոնում հաստատվելու համար անհրաժեշտ է առնվազն 270 քվե:

Սակայն Թրամփը շարունակում է, առանց փաստեր ներկայացնելու հայտարարել, թե ընտրությունները կեղծված էին, եւ որ Բայդենը չի կարող համարվել լեգիտիմ նախագահ:

Թրամփի ընտրարշավն ու նրա աջակիցները մի քանի տասնյակ դատական գործեր են հարուցել, բայց դրանք մերժում են ստացել դատավորների կողմից:

Սակայն այն բանից հետո, երբ ընտրական կոլեգիայի անդամների քվեարկության արդյունքում Բայդենի ձայներն անցան 270-ի ցուցանիշը, Սենատում թիվ երկու հանրապետական Ջոն Թյունը նույնիսկ հայտարարեց, թե առաջ շարժվելու ժամանակն է, ազդարարելով այն մասին, որ ինքը նույնպես ընդունում է Թրամփի պարտությունը:

‘’Ժողովրդի կամքը հարգելու հանգամանքը մեր ժողովրդավարության հոգին է, եթե նույնիսկ դժվարանում ենք ընտրության արդյունքն ընդունել’’, ասել է Բայդենն ու ավելացրել. ‘’Իսկ նրանց համար, ովքեր տվել են Սահմանադրությունը պաշտպանելու երդում, դա անելը նրանց պարտքն է’’:

Այժմ, ասում է Բայդենը, եկել է էջը շրջելու եւ վերքերը բուժելու ժամանակը:

Սակայն ինչ վերաբերում է Կոնգրեսի հանրապետականներին, պետք է ասել, որ չկա փաստ այն մասին, որ հանրապետական օրենսդիրների մեծամասնությունն ընդունում է Թրամփի պարտությունը: Այնպես որ, նրանք դեռեւս պիտի ճանաչեն Բայդենի հաղթանակը:

Սակայն Բայդենն ասում է, որ այս խոսակցությունների ու քաշքշուկի վրա ժամանակ ծախսելու պատճառ այլեւս չկա, եւ հիմա գլխավոր խնդիրը համաճարակի դեմ պայքարն ուժեղացնելն է, այն վերահսկողության տակ առնելը, ժողովրդին պատվաստման ենթարկելը: Նրա խոսքերով, հարկավոր է մտածել համաճարակի պատճառով տնտեսական վնասներ կրող ամերիկացիների օգնելու եւ տնտեսությունը վերականգնելու մասին:

XS
SM
MD
LG