Մատչելի հղումներ

‘’Իրանը չի ուզում բանակցել միջուկային միջազգային պայմանագրի շուրջ’’, նախագահ Հասան Ռուհանի


Իրանի նախագահ Հասան Ռուհանին երկուշաբթի օրը հայտարարել է, որ Թեհրանի միջուկային ծրագիրը բանակցային հարց չէ, եւ որ այդ մասին ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում ընտրված Ջո Բայդենը տեղյակ է:

ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Բայդենի հաղթանակը հույս էր ներշնչել, որ Վաշինգտոնը կվերադառնար 2015 թվականին Իրանի հետ կնքված միջուկային միջազգային պայմանագրին: Հիշեցնենք, որ Թրամփն ԱՄՆ-ը այդ պայմանագրից միակողմանիորեն դուրս էր բերել 2018-ին:

Գործարքին վերադառնալու հանգամանքը Բայդենը համարում է Իրանի միջուկային ծրագրի, բալիստիկ հրթիռների եւ տարածաշրջանային գործունեության շուրջ ավելի մանրամասն բանակցություններ սկսելու հնարավորություն: Սակայն Թեհրանն այժմ բացառում է հրթիռային իր ծրագիրը կանգնեցնելու կամ տարածաշրջանում իր քաղաքականությունը փոփոխության ենթարկելու որեւէ հնարավորություն:

‘’Ամերիկացիներն ամիսներ շարունակ փորձում էին հրթիռներին առնչվող հարցը կապել միջուկային հարցերով բանակցությունների հետ, ինչին մենք տվել ենք բացասական պատասխան եւ հայտարարել, որ այն բանակցություններում քննարկվելիք հարց չէ’’, ասել է Ռուհանին Թեհրանում անցկացված մամլու ասուլիսի ժամանակ:

‘’Մենք ո՛չ կբանակցենք Իրանի միջուկային պայմանագրի շուրջ, ոչ էլ այն նորովի կդնենք բանակցությունների սեղանին’’, հավելել է նա:

Իրանը պահանջում է, որ ԱՄՆ-ը փոփոխություն իրականացնի իր արտաքին քաղաքականության մեջ: Թեհրանը պահանջում է, որ այդ շրջանակներում ԱՄՆ-ը հրաժարվի իր նկատմամբ պատժամիջոցներից եւ փոխհատուցի այն վնասի դիմաց, որն Իրանը կրել է պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալու հետեւանքով:

Հիշեցնենք, որ Վաշինգտոնի եւ Թեհրանի միջեւ հարաբերությունները լարվեցին 2018 թվականից, երբ Թրամփը վերսկսեց տնտեսական խիստ պատժամիջոցներն ընդդեմ Թեհրանի: Թրամփը ներկայացրեց միջուկային հարցերում ավելի խիստ պահանջներ, փորձեց Իրանի բալիստիկ հրթիռների ծրագիրը կապել միջուկային հարցերի հետ եւ փորձեց ստիպել, որ Իրանը հրաժարվի տարածաշրջանային ուժերին աջակցելու իր քաղաքականությունից:

XS
SM
MD
LG