Մատչելի հղումներ

Իսլամիստները Նիգերիայում առեւանգել են մի քանի հարյուր աշակերտների


Մի ավազակախմբի անդամներ, զինված հրազենային տարբեր զենքերով, Նիգերիայում ներխուժել են դպրոց, եւ իրենց հետ անհայտ ուղղությամբ տարել մի քանի հարյուր աշակերտների:

Տեղ հասած ոստիկանությունն արձակել է կրակ, ինչի արդյունքում մի քանի աշակերտներ կարողացել են փրկվել: Փոխհրաձգության ժամանակ մեկ ոստիկան ստացել է մարմնական վնասվածքներ:

Ոստիկանությունն այժմ աշխատում է բանակային ուժերի հետ, պարզելու համար երեխաների գտնվելու վայրը:

Դպրոցում այժմ քաոսային իրավիճակ է, որտեղ կորած երեխաների ծնողները եւ անվտանգության ուժերը փորձում են ինչ որ ուղի գտնել 800 աշակերտ ունեցող դպրոցից կորած մոտ 400 երեխաներին հայտնաբերելու համար:

Կացինայի շրջանը լի է ավազակախմբերով, որոնք պարբերաբար են հարձակումներ իրականացնում տեղի բնակիչների դեմ ու փրկագների դիմաց առեւանգում մարդկանց:

Իսլամիստ զինյալների հարձակումները հյուսիս-արեւելքում շարունակվում են տարիներով: Այստեղ վերջերս մեծ աղմուկ բարձրացրեց մի քանի գյուղացիների սպանության ու նրանցից մի քանիսին գլխատելու փաստը:

Երկրի նախագահը, որն այս շրջանում էր ծրագրել անցկացնել հանգստյան օրերը, մտադիր էր երկրի ժողովրդին այստեղից դիմել անվտանգության մասին հայտարարությամբ ու պատասխանել լրագրողների հարցերին: Սակայն անցյալ շաբաթ նա չեղյալ հայտարարեց մամուլի նախատեսված ասուլիսը, առանց բացատրություններ տալու:

XS
SM
MD
LG