Մատչելի հղումներ

Իրանում կախաղան է բարձրացվել անհանգստություններ հրահրելու մեջ մեղադրված լրագրողը


Իրանցի այլախոհ լրագրող Ռուհոլլահ Զամը, որը մեղադրվում էր 2017 թվականի հակակառավարական բողոքի ցույցերի ժամանակ բռնություններ հրահրելու մեջ, շաբաթ օրը ենթարկվել է մահապատժի, որն ի կատար է ածվել կախաղանի եղանակով:

Մահապատժի ենթարկելու փաստը դատապարտման է արժանացել Ֆրանսիայի եւ մարդու իրավունքների պաշտպան կազմակերպությունների կողմից: ‘’Լրագրողներ` առանց սահմանների’’ կազմակերպությունը կատարվածի համար մեղադրում է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին: ‘’ Amnesty International’’-ը կոչ է անում ՄԱԿ-ին իրականացնել անհապաղ գործողություններ, պարտադրելու համար, որ Իրանը դադարեցնի ‘’քաղաքական դրդապատճառներով իրականացվող մահապատիժները’’:

Բարեփոխումների կողմնակից, շիա մահմեդական հոգեւորականի որդի Զամը Իրանից դեպի Ֆրանսիա էր փախուստի դիմել մի քանի տարի առաջ: Սակայն 2019 թվականին Իրանի հեղափոխական պահակազորի ջոկատները հայտարարել էին, թե ‘’բարդ մի գործողության արդյունքում, կիրառելով գաղտնալսման մեթոդները’’, գերեւավարել են Զամին: Չի հաղորդվում այն մասին, թե որտեղ է գործողությունն իրականացվել: Ըստ որոշ տեղեկությունների սակայն, գործողությունն իրականացվել է Զամի կողմից Իրաք կատարած ուղեւորության ընթացքում:

Իրանի իշխանություններն այստեղ տեղի ունեցած անհանգստությունները հրահրելու մեջ մեղադրում են ԱՄՆ-ին ու տարածաշրջանում Իրանի գլխավոր մրցակից համարվող Սաուդյան Արաբիային:

Զամի ղեկավարած ‘’Ամադնյուզ’’ առցանց լրատվամիջոցի գործունեությունը դադարեցվել էր 2018 թվականին: Այս լրատվամիջոցին Իրանի իշխանությունները մեղադրում էին անհանգստությունները հրահրելու արդյունքում սկսված բռնությունների ընթացքում 21 մարդկանց սպանության մեջ: Բախումների ժամանակ այստեղ մի քանի հազար մարդ էր ձերբակալվել:

XS
SM
MD
LG