Մատչելի հղումներ

Քիմիական զենքերի մասին` սուր հակասություն ՄԱԿ-ի ու Ռուսաստանի միջեւ


Քիմիական զենքերն արգելող ՄԱԿ-ի կազմակերպություն

Քիմիական զենքերն արգելող ՄԱԿ-ի կազմակերպությունը Սիրիային քննադատում է քիմիական զենքեր արտադրող իր հաստատության մասին տեղեկություններ չհաղորդելու համար: Դրան հակառակ, Ռուսաստանն այս կազմակերպությանն է մեղադրում իր դաշնակից Սիրիայի կառավարության դեմ ‘’քաղաքական խաչակրաց արշավանք’’ իրականացնելու մեջ:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ամենամսյա հանդիպման ժամանակ Քիմիական զենքերն արգելող ՄԱԿ-ի կազմակերպության գլխավոր տնօրեն Ֆերնանդո Արիասին խիստ հարցադրումներ է հղել ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վասիլի Նեբենզիան: Արիասը, մինչեւ իրեն հղված հարցերը, հայտարարել էր, թե առկա 19 ամենամեծ խնդիրներից մեկը քիմիական զենքեր արտադրող հաստատությունն է: Նրա խոսքերով, չնայած նախագահ Բաշար Ասադի այն պնդումներին, որ այս հաստատությունում երբեք քիմիական զենքեր չեն արտադրվել, դիտորդների կողմից վերցված նմուշները ցույց են տալիս, որ այստեղ կան քիմիական զենքի վերածված ու նյարդային համակարգը կաթվածահար անող նյութեր: Արիասը նաեւ ասել է, թե Քիմիական զենքերն արգելող ՄԱԿ-ի կազմակերպությունը Սիրիային է ներկայացրել քիմիական բաղադրանյութերի ու դրանց գտնվելու մասին տեղեկություններ հայտնելու խնդրանքով դիմում, սակայն չի ստացել որեւէ պատասխան:

ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Բարբարա Ուուդուորդն էլ հավելել է, թե Սիրաիայի կառավարությունն ունի քիմիական զենքերի համար անհրաժեշտ հարյուրավոր տոննաներով նյութեր:

Քիմիական զենքերն արգելող ՄԱԿ-ի կազմակերպության հետաքննիչ խումբը Սիրիայի օդուժին մեղադրում է 2017 թվականին սարին եւ քլորին նյութերով հագեցած քիմիական զենքեր կիրառելու մեջ:

Ռուսաստանի դեսպան Նեբենզիան դատապարտում է Քիմիական զենքերն արգելող ՄԱԿ-ի կազմակերպությանը` Արեւմտյան այն երկրներին պաշտպանելու համար, որոնք ‘’ապարդյուն կերպով’’ փորձել են ընդդիմության միջոցով տապալել Ասադի կառավարությունը:

Ռուսաստանն Արիասին է ներկայացրել մանրամասն շարադրված ութ հարց, այսպիսով փորձելով նրա ղեկավարած կազմակերպությանը մեղադրել երկակի չափանիշներ կիրառելու մեջ, որն ‘’անտեսում է Լիբիայում քիմիական զենքերի համար անհրաժեշտ 200 տոննա նյութերի անհետացման փաստը’’:

XS
SM
MD
LG