Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը և ԵՄ-ը կարող են նոր պատժամիջոցներ սահմանել Անկարայի դեմ


ԱՄՆ-ում և ԵՄ-ում քննարկում են Թուրքիայի դեմ պատժամիջոցների հարցը: Ինչպես կարձագանքի այս հարցին Բայդենի նոր վարչակազմը

Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատն ընդունել է 2021թ. «Ազգային պաշտպանության բյուջետային հատկացումների մասին» օրենքի նախագիծը, որը պարտադրում է Վաշինգտոնին պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ Ռուսաստանից Ս400 հրթիռային համակարգեր գնելու համար:

Ամերիկահայ և ամերիկահույն կառույցները ողջունել են պաշտապանության մասին օրենքում Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների դրույթը: Վաշինգտոնի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը հանձնախմբի տարածած հաղորդագրության մեջ նշել է, որ այս կարևոր դրույթի ընդունմամբ Էրդողանը պատասխանատվության է ենթարկվում իր անխոհեմ և հակաամերիկյան գործողությունների համար: Բացի այդ, ամերիկահայ կառույցները ողջունել են Կոնգրեսի թուրքական հանձնախմբի համանախագահներ, կոնգրեսականներ Սթիվ Չաբոթի և Սթեֆեն Քոհենի առաջ քաշած օրեսդրական նախաձեռնությունների մերժումը, որը կապված էր հետխորհրդային հակամարտություններում տեղահանվածների հարցի հետ:

Իր հերթին Անկարան դատապարտել է պաշտպանության մասին օրենքում Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու դրույթի ընդգրկումը Ներկայացուցիչների պալատի կողմից: Թուրքիայի նախագահի օգնական Իբրահիմ Քալին German Marshall Fund հաստատության հետ առցանց զրույցում Թուրքիայի դեմ պատժամիջոցները որակել է հակաարդյունավետ քայլ, որը կարող է էլ ավելի վնասել թուրք-ամերիկյան հարաբերություններին:

՛՛Կոնգրեսի տեսակետը չափազանց նեղ և միակողմանի է: Այն հեռու է ամբողջական պատկեր ներկայացնելուց: Ս 400 խնդիրը ոչ թե պատճառ է , այլ հետևանք այս ողջ գործընթացի՛՛,- ասում է նա:

ԱՄՆ հեռացող նախագահ Դոնալդ Թրամփն իր անհամաձայնությունն է հայտնել այս օրենքի կապակցությամբ՝ մի շարք կետերից ելնելով, ներառյալ Թուրքիայի դեմ պատժամիջոցների դրույթը: Նախագահը խոսատցել է վետո կիրառել այս օրենքի նկատմամբ, եթե այն ընդունվի ԱՄՆ Սենատի կողմից:

Դեռևս անորոշ է, թե ինչպիսի քաղաքականություն կորդեգրի Թուրքիայի հետ հարաբերությունների ու նրա նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հարցում Բայդենի վարչակազմը, որը իշխանությունը կստանձնի հունվարի 20- ից հետո:

Հայ դատի հանձնախումբը հույս է հայտնել, որ Բայդենի գալիք վարչակազմը կանդրադառնա և կամրապնդի երկկուսակցական լայն կոնսենսուսն այս հարցի շուրջ՝ վերջ դնելով, ըստ հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի, մի ամոթալի դարաշրջանի, երբ ամերիկյան դիվանագիտության առաջին գործողություններն ուղղված էին թուրքական յուրաքանչյուր մեղքի մեղմացմանը, յուրաքանչյուր իրավախախտման արդարացմանն ու Թուրքիայի նույնիսկ ամենաիրացիոնալ պահանջների բավարարմանը:

Թուրքիայի նախագահի խորհրդականն էլ ընդգծում է, որ թուրք-ամերիկյան հարաբերություններում Անկարայի համար գոյություն ունեն երկու առավել կարևոր հարցեր՝ ԱՄՆ-ի կողմից Սիրիայում քրդական զորամիավորումների աջակցությունն ու Միացյալ Նահանգներում ապաստանած թուրք հոգևորական Ֆեթուլահ Գյուլենի հարցը, ում Էրդողանի կառավարությունը մեղադրում է Թուրքիայում հեղաշրջման փորձի մեջ: Քալին նշեց, որ այս և բազմաթիվ այլ հարցերի շուրջ Անկարան պատրաստ է երկխոսել նոր վարչակազմի հետ: Բայդենի հետ երկխոսելու ցանկություն է հայտնել նաև նախագահ Էրդողանը:

՛՛Մեր հարաբերությունները Բայդենի վարչակազմի հետ կարող են լավ մեկնարկ ստանալ, եթե վարչակազմն արժեվորի այս հարաբերությունների ռազմավարական բնույթը՛՛,- ասում է Քալին:

Միևնույն ժամանակ այս օրերին ԵՄ ևս քննարկում է Թուրքիայի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը: Այս նախաձեռնությունը հատկապես ակտիվորեն առաջ է տանում Ֆրանսիան: Հոկտեմբերին Բրյուսելը զգուշացրեց Անկարային այս հեռանկարի մասին: Դեկտեմբերի 10-ին կմեկնարկի ԵՄ արտգործնախարարների համաժողովը, որի օրակարգում է Միջերկրածովում Անկարայի գործողությունների պատճառով Թուրքիայի նկատմամաբ ԵՄ նոր պատժամիջոցների սահմանման առաջարկը:

Իբրահիմ Քալին German Marshall Fund-ի միջոցառմանը հիասթափեցնող է որակել ԵՄ այս նախաձեռնությունը՝ հույս հայտնելով, որ դաշինքը կխուսափեն Թուրքիայի դեմ պատժամիջոցների և սպառնալիքների հռետորաբանությունից: Նա պատժամիջոցների սահմանումը որակել է անօգուտ քայլ, որի արդյունքում կորցնում են բոլորը:

Պատժամիջոցների մասին ԵՄ փաստաթղթղի նախագիծը ենթադրում է նաև, որ ԵՄ-ը կխորհրդակցի ընտրված նախագահ Ջո Բայդենի նոր վարչակազմի հետ, թե ինչպես կարգավորել միջերկրածովյան ճգնաժամը, որը ապակայունացում է առաջացրել տարածաշրջանում և լարվածություն մցրել Էրդողանի հետ հարաբերություններում:

Facebook Forum

XS
SM
MD
LG