Մատչելի հղումներ

Ցեղասպանությունը ոճրագործություններից ամենասարսափելին է. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հանդես է եկել խոսքով Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջազգային օրվա կապակցությամբ: Ստորև ներկայացնում ենք ելույթի տեքստը.

՛՛Ցեղասպանությունը ոճրագործություններից ամենասարսափելին է, որը ներառում է ատելության և ավերածությունների ցունամիի ողջ դրսևորումները: Դա հարձակում է մեր ամենահիմնական ընդհանուր արժեքների վրա:

Եվ այսօր, երբ մենք հիշում և հարգում ենք ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակը, չպետք է մոռանանք, որ ցեղասպանությունը կանխելու հրամայականը մեր կազմակերպության նպատակների հիմքում է:

Դա է վկայում Ցեղասպանության կոնվենցիայի ընդունումը 1948 թ-ի դեկտեմբերին Հոլոքոստի և Երկրորդ համաշխարհային պատերազմի հետևանքներից հետո: Այն Գլխավոր վեհաժողովի կողմից ընդունված մարդու իրավունքների առաջին փաստաթուղթն է:

Եվ այն մնում է նույնքան կարևոր, քանի դեռ մենք աշխատում ենք ցեղասպանությունը և այլ վայրագ հանցագործություններ կանխելու ուղղությամբ: Հանցագործություններ, որոնք, ցավոք, շարունակում են տեղի ունենալ անպատժելիորեն և առանց մարդկային կյանքի արժեքի գնահատման:

Այս տարի COVID-19 համաճարակն ընդգծել է մեր հասարակությունների փխրուն բնույթը և առաջ քաշել խաղաղության և անվտանգության ոլորտի արդեն գոյություն ունեցող ահռելի մարտահրավերները:

Այդ պատճառով ես շարունակում եմ դիմել գլոբալ զինադադարի խնդրին, և կոչ եմ արել Անվտանգության խորհրդին մինչև այս տարվա վերջ աշխատել այդ նպատակին հասնելու համար:

Ցեղասպանությունը մշտապես ցնցում է աշխարհը: Բայց այն երբեք տեղի չի ունենում առանց հստակ, բազմակի նախազգուշացնող ազդակների: Զոհերը հաճախ ատելության խոսքի, խտրականության և բռնության թիրախ են դառնում:

Ցեղասպանության կոնվենցիայի ընդունումից 72 տարի անց մեր շարունակական մարտահրավերներից մեկն են այս նախազգուշական ազդակների անհապաղ բացահայտումն ու դրա դեմ հակազդումը:

Մենք պետք է առանց դադար տալու զգոն լինենք քաղաքական, մարդու իրավունքների, հումանիտար, սոցիալական և տնտեսական կարևոր զարգացումների հարցում ՝ ցեղասպանության և այլ վայրագությունների հնարավորությունը շուտ բացահայտելու համար:

Ատելության խոսքն այս նախազգուշական ազդակներից մեկն է, և մենք պետք է ավելի լավ գործենք՝ այն իր բոլոր դրսևորումներով մերժելու համար:

Սա ներառում է այն դրույթը, որ տեխնոլոգիական ընկերություններն ու սոցիալական մեդիայի հարթակները պետք է կատարեն իրենց դերակատարությունը: Սոցիալական մեդիայի ուժը ատելության խոսքի տարածման և սոցիալական բևեռացման հարցում չի կարելի թերագնահատել:

Ես կոչ եմ անում նորից կենտրոնանալ ազգային, տարածաշրջանային և միջազգային կանխարգելման ռազմավարությունների վրա, որոնք վերաբերում են, մասնավորապես, խմբերի կամ անձանց նկատմամբ բռնության հրահրմանը: Կրոնական առաջնորդները և քաղաքացիական հասարակությունը նույնպես կարևոր դեր ունեն այս վտանգը կանխելու և մեղմելու գործում:

Կառավարությունները պետք է երաշխավորեն քաղաքացիական տարածություն մարդու իրավունքների ինստիտուտների և պաշտպանների համար` իրենց կարևոր աշխատանքը կատարելու հարցում, և պետք է պաշտպանեն վտանգված անձանց իրավունքները: Ցեղասպանությունը կանխելու համար կարևոր է նաև, որ մենք հավաստի և արդյունավետ կերպով լինենք հաշվետու:

Համակարգված անպատժելիության և վայրագ հանցագործությունների միջև կապը պարզ է: Պատասխանը իրավապահների անաչառ հետաքննության անցկացման մեջ է: Այն նաև նշանակում է զոհերի համար արդարադատության հասանելիություն և արդյունավետ վերականգնում:

Չնայած հաշվետվողականության գործընթացները ճանաչում են զոհերի տառապանքներն ու նրանց խիզախությունը, դրանք հազվադեպ են անդրադառնում նրանց հոգեբանական և նյութական կարիքներին: Տուժածներն ունեն ճշմարտության, արդարության, հատուցման և ոճրագործության չկրկնվելու երաշխիքների իրավունքներ:

Այսօր ես ցանկանում եմ ընդգծել ազգային մեխանիզմների, ինչպես նաև համապատասխան միջազգային դատարանների և քննչական մարմինների ներդրումը դաժան հանցագործությունների համար պատասխանատվություն ապահովելու հարցում:

Հիմնարար դեր են խաղում նաև Մարդու իրավունքների խորհրդի, Գլխավոր վեհաժողովի և Անվտանգության խորհրդի քննչական մարմինները ՝ փաստահավաք առաքելությունները, փորձագետների խմբերը, բարձրաստիճան առաքելությունները և քննչական հանձնաժողովները:

Մենք այսօր կլսենք զոհերի վերապրած փորձությունները և կանդրադառնանք այն հարցին, թե ինչ կարող ենք ավելի լավ անել հետագա ոճրագործությունները կանխելու և զոհերի իրավունքները պաշտպանելու համար, ներառյալ նրանց հատուցման իրավունքը:

Ես նաև ուզում եմ հարգանքի տուրք մատուցել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների առանցքային դերին զոհերի ձայնը բարձրաձայնելու և հաշվետվողականություն և հատուցում պահանջելու հարցում: Հաճախ ցեղասպանությունից ոչնչացված համայնքի վերականգնման համար տասնամյակներ ու սերունդներ են անհրաժեշտ:

Ցեղասպանության կանխարգելումը, ի վերջո, ներառում է ողջ հասարակության ներուժը, որը միշտ պետք է լինի այս գաղափարին նվիրված և զգոն: Շատ կարևոր է, որ բոլորս ձեռք ձեռքի տանք՝ հավասարության և մարդկային արժանապատվության սկզբունքները պաշտպանելու համար:

Մենք պետք է ավելի շատ աշխատենք բացթողումները ու բևեռացումը վերացնելու ուղղությամբ, որոնք այսօր այնքան տարածված են մեր հասարակություններում:

Ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչելու և նրանց արժանապատվությունը հաստատելու այս միջազգային օրը եկեք մեր ներդրումն ունենանք ոճրագործության կանխարգելման գործում և պարտավորվենք պահպանել Ցեղասպանության կոնվենցիայով սահմանված պարտավորությունները:

Շնորհակալություն

Facebook Forum

XS
SM
MD
LG