Մատչելի հղումներ

Եվրամիությունը փորձում է սկսել պատժամիջոցներ ընդդեմ օլիգարխների


Կաննի կազինոները, միջերկրածովյան ծովափերը, փարիզյան ու Միլանի խանութները, որոնք համարվում են աշխարհի գերհարուստների համար ներդրումների միջավայր, շուտով կարող են անհասանելի լինել կոռումպացված պաշտոնյաների ու օլիգարխների համար:

Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը` դեկտեմբերի 10-ին Եվրամիությունը փորձելու է ընդունել այսպես կոչված ‘’Մագնիտսկիի ակտի’’ նման մի որոշում, որը Միությանը թույլ կտար արգելքներ դնել այդ անձանց ուղեւորությունների վրա, եւ սառեցնել նրանց բանկային հաշիվները:

Ֆինանսական հարցերով փորձագետ Բիլ Բրաուդերի խոսքերով, Մագնիտսկիի ակտի ընդունումը թույլ կտա ուժեղ ճնշում բանեցնել բռնակալների ու ինքնակալ ղեկավարների վրա:

Մագնիտսկիի օրենքներ արդեն իսկ ընդունել են Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան եւ Կանադան: Այդ օրենքն իր անվանումը ստացել է Բիլ Բրաուդերի փաստաբան Սերգեյ Մագնիտսկիի անունից: Հիշեցնենք, որ վերջինս ռուսական բանտերից մեկում էր մահացել 2009 թվականին այն բանից հետո, երբ բացահայտել էր պետական պաշտոնյաների կողմից 230 միլիոն դոլարի հարկային խախտումներ կատարելու փաստը: Սակայն Եվրոպական միության կողմից ընդունված ակտը չի կրելու Մագնիտսկիի անունը, քանի որ ինչպես Հոլանդիայի կառավարությունն է հայտարարել, այս հարցում որեւէ երկիր չպետք է ենթարկվի հատուկ թիրախավորման:

Ռուսաստանի ընդդիմության ղեկավարներից Ալեքսեյ Նավալնին, որը մի քանի ամիս առաջ ենթարկվել էր թունավորման, Եվրամիության օրենսդիրների հետ տեսակապով զրուցելու ժամանակ ասել է. ‘’Գլխավոր հարցը, որը մենք պիտի տանք, այն է, թե ինչո՞ւ են այս մարդկանց թունավորում ու սպանում: Դրա պատասխանը շատ հստակ է` փողի պատճառով’’: Այնպես որ, ասում է նա, Եվրոպական միությունը պետք է ուշադրության կենտրոնում առնի փողը ու ռուս օլիգարխներին: ‘’Ոչ միայն հին օլիգարխներին, այլ նաեւ Պուտինի շրջապատի նոր օլիգարխներին’’, ասում է Նավալնին:

Սերգեյ Մագնիտսկիի սպանությունից զատ Եվրոպայի համար առաջ են եկել մի շարք այլ թիրախներ: Այս մասին Բիլ Բրաուդերն ասում է. ‘’Վաշինգտոն փոստ’’-ի լրագրող Ջամալ Քաշոգիին սպանած 19 սաուդցիները, ինչպես նաեւ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամեդ Բին Սալմանը պետք է նույնպես ընդգրկվեն այդ ցուցակում: Ույղուրների ցեղասպանություն իրականացնող Չինաստանի պաշտոնատար անձինք, կամ նրանք, ովքեր մասնակցեցին Հոնկոնգում իրականացվող բռնաճնշումներին, պետք է նույնպես ենթարկվեն այս պատժամիջոցներին’’: Նա նշում է նաեւ Լուկաշենկոյի վարչակարգը, ռոհինգիաների ցեղասպանություն իրականացրած Մյանմարի պաշտոնատար անձանց:

Դեկտեմբերի 10-ին, երբ նշվում է մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը, Եվրոպական միությունը կքննի պատժամիջոցների մասին այս օրենքի բանաձեւը: Սակայն կա մտավախություն, որ այն կենթարկվի վետոյի Կրեմլին աջակից պետությունների կողմից, ինչպիսիք են Հունգարիան ու Կիպրոսը:

XS
SM
MD
LG