Մատչելի հղումներ

Ջո Բայըդնի վարչակազմից աշխարհում կան նկատելի սպասելիքներ


ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում ընտրված Ջո Բայդընն ասում է, թե ինքը հրաժարվելու է Թրամփի ‘’Առաջին հերթին Ամերիկան’’ կարգախոսից: ‘’Ամերիկան չի կարող լինել միայնակ’’, հայտարարում է Բայդընը ու պաշտպանում դաշնակիցների հետ ավանդական կապերը վերահաստատելու գաղափարը:

Փորձագետներից շատերն են հավատացած, որ Բայդընի վարչակազմը կցուցաբերի համագործակցելու ավելի մեծ պատրաստակամություն:

Թրամփը հայտարարում է, որ ՆԱՏՕ-ն չարաշահել է ԱՄՆ-ի առատաձեռնությունը: Այս հարցում Գերմանիային ակնարկելով էր, որ Թրամփն այստեղից դուրս բերեց ամերիկյան 12 հազար թվակազմով ուժեր:

‘’Մենք մեր ուժերը դուրս ենք բերում, քանի որ Գերմանիան չի մուծում իր հասանելիք վճարումները’’, հայտարարում էր Թրամփը:

Բայդընը հավանաբար կչեղարկի այս որոշումը եւ ավելի սառը մոտեցում կցուցաբերի Ռուսաստանի նախագահ Պուտինի, Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չան Ընի նկատմամբ:

Իրաքում եւ Աֆղանստանում ահաբեկչության դեմ մոտ երկու տասնամյակ մղված մարտերից հետո Բայդընը Թրամփի նման ունի այն դիրքորոշումը, որ այստեղ պիտի կրճատվեն ամերիկյան ուժերի թվակազմերը: Սակայն ինչ վերաբերում է Սիրիային, եթե Թրամփը երկու անգամ փորձեց հետ քաշել ամերիկյան ուժերն այստեղից, ապա Բայդընը կարծում է, որ այդ քայլով Ամերիկան դավաճանում է Իսլամական պետություն ծայրահեղական խմբավորման դեմ հիմնական մարտերը մղած քրդական ուժերին:

‘’Տասնյակ հազարավոր քրդեր իրենց կյանքը կորցրին Դաեշի դեմ մեր պայքարը շարունակելու նպատակով: Հետո հանկարծ մենք նրանց թողեցինք միայնակ: Արդյո՞ք աշխարհն այսուհետ կվստահի մեզ’’, ասում է Բայդընը:

Ինչպես փորձագետներն են ասում, աշխարհում այսօր մեծաթիվ երկրներ են սպասում, թե երբ է նախագահի պաշտոնում երդում տալու Ջո Բայդընը, հուսալով, որ ԱՄՆ-ի նոր վարչակազմը կփոխի միջազգային հարթակում Թրամփի վարչակազմի անտարբեր մոտեցումը եւ կկատարի իրական քայլեր` միջազգային մի շարք խնդիրներ լուծելու եւ հակամարտություններ հարթելու ուղղությամբ:

XS
SM
MD
LG