Լուկաշենկոյի վարչակարգը դաժանորեն պատժում է Բելառուսի քաղաքացիներին՝ իրենց խոսքն ազատ արտահայտելու համար, սակայն դա չի կանգնեցնում մարդկանց բողոքի ցույցերին մասնակցելուց, հայտնում է բելառուսական ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան ՛՛Ատլանտյան խորհուրդ՛՛ հաստատության առցանց քննարկմանը: Նա կոչ է անում արևմտյան տերություններին ընդլայնել պատժամիջոցները Լուկաշենկոյի վարչակարգի դեմ, իսկ մի շարք բելառուսական իրավապահ մարմիններ ընդգրկել ահաբեկչական ցուցակներում:
Նա հորդորում է ԱՄՆ նշանակել դիվանագիտական առաքելության ղեկավար Բելառուսում, ով չպետք է, սակայն, ըստ նրա, իր հավատարմագիրը հանձնի Լուկաշենկոյին, քանի որ հանձնումը կլեգիտիմացնի նրա վարչակարգը: Տիխանովսկայան կոչ է անում ԱՄՆ, ԵՄ, Կանադային և Մեծ Բրիտանիային հանդես գալ միասնաբար Բելառուսի հարցում՝ կարևորելով Արևմուտքի դերը հատկապես նոր ընտրությունների անցկացման և քաղբանտարկյալների ազատ արձակման հարցերում:
՛՛Նման աջակցությունն իհարկե ոգևորում է բելառուսցիներին և ևս մեկ անգամ ապացուցում, որ Արևմուտքը կիսում է մեր նպատակներն ու մտադրությունները՛՛,- ասում է Տիխանովկայան:
Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին նա ընդգծում է՝ Մոսկվան եղել է և կմնա մեր մոտ հարևանը, և մենք ստիպված ենք աշխատելու նրանց հետ: Միակ խնդրանքն այն է, ըստ նրա, որ Ռուսաստանը դադարեցնի աջակցությունը վարչակարգին, քանի որ Լուկաշենկոյի անօրինականությունների մասին շարունակական լռությամբ Մոսկվան կարող է կորցնել բելառուսցիների վստահությունը: Մենք բաց ենք Ռուսաստանի հետ երկխոսության հարցում ու կողջունենք նրանց կողմից առաջարկած համագործակցության տարբերակները, որոնք կհարգեն Բելառուսի ինքնիշխանությունն ու ազգային շահերը, ընդգծել է նա:
՛՛Ցույցերը Բելառուսում կապված չեն աշխարհաքաղաքական ուղեգծի ընտրության հետ: Դրանք կապված են մարդկային արժանապատվության ու մարդկանց ցանկության հետ՝ ապրելու օրենքի գերակայության ներքո՛՛,- հայտարարել է Տիխանովսկայան:
Նրա կարծիքով բելառուսցիները վճռական են շարունակելու պայքարը: Այս անգամ նրանց համբերության բաժակը լցված է՝ ասում է Տիխանովսկայան: Լուկաշենկոն պատասխանատու է զանգվածային ընտրակեղծիքների, բռնաճնշումների ու բռնության կիրառման, ինչպես նաև կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի ձախողման մեջ, նշում է ընդդիմադիր առաջնորդը, ով ստիպված էր մահվան սպառնալքի ներքո լքել Բելառուսը հետընտրական փուլում և հաստատվել սկզբից Լիտվայում, իսկ այնուհետև Լեհաստանի մայրաքաղաքում:
՛՛Դեպի ժողովրդավարություն այս ձգտումը տևում է արդեն 27 տարի, և Բելառուսի ժողովուրդը կանգ չի առնի մինչև Լուկաշենկոն չտա հրաժարական՛՛,- հայտնում է Տիխանովսկայան:
Նա չի հավատում Ալեքսանդր Լուկաշենկոյի այն մտքին, որ վերջինս պատրաստ է հեռանալ սահմանադրական բարեփոխումներից հետո: Այս խոսակցությունները սահմանադրական բարեփոխումների մասին, ըստ նրա, ընդամենը ժամանակ ձգձգելու նպատակ են հետապնդում՝ իր դիրքերն ամրապնդելու համար: Այսպիսով Լոկաշենկոն փորձում է մեղմացնել Արևմուտքի ճնշումները և ստեղծել համազգային երկխոսության պատրանք, կարծում է ընդդիմադիր առաջնորդը:
՛՛Չկա որևէ հավատ Լուկաշենկոյի հանդեպ սահմանադրության և նոր ընտրությունների հարցում: Նրա բոլոր խոստումները կեղծ են, և Բելառուսի ժողովուրդը գիտի դրա մասին՛՛,- ասում է Տիխանովսկայան:
Նա ևս մեկ անգամ հնչեցրեց ընդդիմության հիմնական պահանջները: Դրանք են՝ Լուկաշենկոյի հեռացումը, նոր արդար և թափանցիկ նախագահական ընտրությունների անցկացում, ինչպես նաև սահմանադրական բարեփուոմներ 1994 թվականի Բելառուսի Սահմանադրության հիման վրա:
Facebook Forum