Մատչելի հղումներ

Թե որ կուսակցությունը Սենատում կկազմի մեծամասնություն, կախված է լինելու Դեղձի նահանգից


ԱՄՆ-ի դեմոկրատների ու հանրապետականների ուշադրությունն այժմ Ջորջիա նահանգի վրա է, որտեղ հունվաի 5-ին անցկացվելու է ընտրությունների երկրորդ փուլը, ինչի արդյունքը կտա այն հարցի պատասխանը, թե որ կուսակցությունը մեծամասնություն կկազմի Սենատում:

Ինչպես նախագահ Թրամփն է ասում, այս ընտրությունը մեծապես կարող է որոշել, թե որ ուժն է կառավարելու ԱՄՆ-ում:

ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամայի խոսքերով էլ, Ջորջիա նահանգում է որոշվելու, թե արդյոք Բայդընը նախագահության ընթացքում կկարողանա իրականացնել իր ծրագրերը:

Ի դեպ, նախագահական ընտրությունների ժամանակ Բայդընը Թրամփի նկատմամբ այստեղ հաղթանակ է տարել 12,000 ձայների առավելությամբ: Թրամփը կոչ է արել նահանգի հանրապետական կառավարիչ Բրայըն Քեմփին հրահանգել չեղարկել ընտրությունների արդյունքը: Թրամփը շարունակում է չընդունել ընտրություններում իր պարտությունը եւ այս նահանգում մարդկանց հորդորում է սկսել նոր քվեարկություն: ‘’Նրանք խաբել են մեզ այս ընտրություններում, խախտել կանոնները: Սակայն եթե շարունակենք պայքարը, կհաղթենք’’, ասել է Դոնալդ Թրամփը:

Հանրապետական նախագահի այս կեցվածքը անհարմար կացության մեջ է դնում Ջորջիայում նրա կուսակից ղեկավարներին: Ինչպես այս նահանգի պետքարտուղար Բրեդ Ռաֆենսբերգերն է ասում, նախագահական ընտրությունների արդյունքի շուրջ ապատեղեկատությունը բարդացնում է իրավիճակը: ‘’Ընտրություններում մարդկանց արտահայտած կամքն անտեսելը մեր իրավասություններից վեր է’’, ասել է նա, պարզ հասկացնելով, որ իրենք չեն ընդունում Թրամփի պահանջը:

Այնպես որ, եկող շաբաթների ընթացքում հանրապետականներն ու դեմոկրատները կենտրոնանալու են Սենատում մեծամասնություն կազմելու պայքարի վրա մի նահանգում, որը պայմանականորեն կրում է Դեղձի նահանգ անվանումը:

XS
SM
MD
LG