Մատչելի հղումներ

Աստերոիդի առաջին նմուշները հասան Երկիր


Ճապոնական ‘’Հայաբուսա 2’’ տիեզերանավը հաջողությամբ իրենից անջատել է մի խցիկ, որն ուղղություն էր վերցրել դեպի երկիր, այստեղ տեղափոխելու համար հեռավոր մի աստերոիդից վերցված նմուշները: Ըստ գիտնականների, այդ նմուշները կարող են հաղորդել արեգակնային մեր համակարգի ծագման եւ այստեղ կյանքի առաջացման մասին կարեւոր տեղեկություններ:

Խցիկը տիեզերանավից հաջողությամբ բաժանվել է շաբաթ օրը, երկրագնդից 220 հազար կիլոմետր հեռավորության վրա: Այն կիրակի օրն իջավ Ավստրալիայի Ուումերայի շրջանում: Այն կազդարարում է որեւէ աստերոիդից դեպի երկիր ժայռաբեկորներ տեղափոխելու առաջին առաքելության մասին:

Ճապոնիայում մարդիկ ուղիղ եթերով դիտում էին տիեզերանավից խցիկի անջատման պահը: Այն ցուցադրվում էր նաեւ Տոկիոյի մազադաշտում:

Մինչեւ երկրագնդի վրա վայրէջք կատարելը, հրակայուն ամուր վահանով պաշտպանված խցիկը, մթնոլորտ մտնելիս, վերածվեց շիկացած գնդի:

Գետնից տասը կիլոմետր բարձրության վրա այն բացեց պարաշյուտը եւ սկսեց արձակել իր գտնվելու մասին ազդանշաններ:

Գիտնականներն անհամբերությամբ էին սպասում հաջող վայրէջքին, որոնք մեծ կարեւորություն են տալիս աստերոիդի հատկապես ընդերքից վերցված բեկորներին:

Աստերոիդները արեգակի շուրջը պտտվող երկնային մարմիններ են, որոնք մոլորակներից տարբերվում են իրենց շատ ավելի փոքր ծավալներով: Նրանք համարվում են արեգակնային համակարգում երկնային ամենահին մարմինները, որոնք էլ կարող են բացատրել, թե ինչպես է ծնվել մեր մոլորակ Երկիրը:

XS
SM
MD
LG