ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում ընտրված Ջո Բայդընն ասում է, թե կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը պատրաստ լինելուց հետո այն չպետք է լինի պարտադիր բոլորի համար:
Խոսելով հունվարի 20-ին սպասվելիք իր երդման արորողության մասին` Բայդընն ասել է, թե, ելնելով համաճարակի հետ կապված անվտանգության պահանջներից, արարողությունը չի լինելու ճոխ եւ խուսափելու է մեծ խմբերի ներկայությունից: Նրա խոսքերով, Կոնգրեսի դիմաց տեղադրվող հարթակում կլինի ավանդական արարողությունը, սակայն այն չի լինի մարդաշատ, իսկ մյուս հանդիսությունները կկրճատվեն մեծապես:
Հիմք ընդունելով Pfizer եւ Moderna դեղագործական ընկերություններից ստացված հուսադրիչ տեղեկությունները` Բայդընն ասել է, թե այդ ընկերությունների առաջարկած պատվաստանյութերը հաստատում կստանան մեկ եւ կես շաբաթվա ընթացքում:
Ըստ վերջին հարցումների, ամերիկացիների միայն 60 տոկոսն է այսօր ասում, թե կցանկանար ենթարկվել պատվաստման: Սեպտեմբեր ամսից ի վեր այս թիվն աճել է ինը տոկոսով:
Բայդընը, փորձելով խրախուսել պատվաստումները, հայտարարել է, թե ինքը հրապարակային կերպով է ենթարկվելու պատվաստման: Նախկին նախագահներ Բարաք Օբաման, Ջորջ Բուշն ու Բիլ Քլինթընը նույնպես հայտարարել են, որ պատվաստումների են ենթարկվելու հրապարկային կերպով:
Բայդընը կրկնում է եկող 100 օրերի ընթացքում դիմակ կրելու իր կոչը, ինչը նրա խոսքերով, պատվաստումների ընթացքի հետ մեծապես կկրճատի հիվանդության տարածումը եւ կկանխի մեծ թվով մահացություններ:
ԱՄՆ-ում ուրբաթ օրը գրանցվել է կորոնավիրուսից մահացությունների ռեկորդային ցուցանիշ` 2500 մահ: Մեկ օրում գրանցվել է եւս 225 հազար նոր դեպք: Այստեղ համաճարակի պատճառով մինչ այժմ կյանքից հեռացել է ավելի քան 278 հազար մարդ: