Մատչելի հղումներ

“Pfizer”-ի պատվաստանյութը Մեծ Բրիտանիայում ստացավ արտոնագիր


Մեծ Բրիտանիան չորեքշաբթի օրը հաստատեց կովիդ 19 հիվանդության դեմ Pfizer դեղագործական ընկերության ստեղծած պատվաստանյութը` այսպիսով առաջ անցնելով Միացյալ Նահանգներից ու եվրոպական մյուս երկրներից ու դառնալով Արեւմուտքի առաջին երկիրը, որը կորոնավիրուսի դեմ որեւէ պատվաստանյութի տալիս է արտոնագիր:

Երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնը գովասանքի խոսքեր է ասել առողջապահության պաշտոնատար անձանց հասցեին ու այս պատվաստանյութն` անվանել համաշխարհային հաղթանակ: Նրա խոսքերով, այսպիսով հույս է բացվում, որ ի վերջո կհաղթահարվի համաճարակը, որին մինչ այժմ աշխարհում զոհ է գնացել մոտ մեկ եւ կես միլիոն մարդ:

Արդեն մի քանի ամիս է, որ աշխարհի խոշոր տերությունները մտել էին պատվաստանյութ ստեղծելու մրցավազքի մեջ: Հիվանդությունը մոտ մեկ տարի առաջ Չինաստանում ի հայտ գալուց ի վեր այս պատվաստանյութի կիրառումն Արեւմուտքում դառնում է հաղթարշավ, ասել է “Pfizer” ընկերության տնօրեն Ալբեր Բոուրլան:

Մեծ Բրիտանիայում հաստատվել է, որ “Pfizer”-ի եւ “BioNTech”-ի ջանքերով ստեղծված այս պատվաստանյութն ունի 95%-ի արդյունավետություն: Եվրոպական մյուս երկրները եւ Միացյալ Նահանգները պատրաստվում են նույնպես մոտակա օրերի ընթացքում տալ արտոնագիր այս ընկերությունների ստեղծած պատվաստանյութին:

Մեծ Բրիտանիան հաջորդ շաբաթ կսկսի պատվաստման ենթարկել նախ եւ առաջ մահվան վտանգի առաջ կանգնած անձանց: Այս ընթացքում Բելգիայի դեղագործական գործարանից կներկրի 800 հազար չափաբաժին:

Միայն Մեծ Բրիտանիան այս ընկերության հետ կնքել է 40 միլիոն չափաբաժին գնելու պայմանագիր: Այն բավարար է երկրի բնակչության մեկ երրորդին պատվաստելու համար, քանի որ յուրաքանչյուր անձ ստանալու է երկու ներարկում:

Հաջորդն այս շարքում “Moderna” ընկերությունն է, որի ներկայացրած զեկույցի համաձայն, իր ստեղծած պատվաստանյութն ունի 94%-ի արդյունավետություն: “AstraZeneca”-ի պատվաստանյութը մինչ այժմ ցույց է տվել արդյունավետություն 70%-ի չափով:

XS
SM
MD
LG