Փորձագետները հավատացած են, որ Գոհաբանության տոներից հետո կորանավիրուսի վարակը կգրանցի նկատելի աճ: Չնայած այս տարի մեծաթիվ ամերիկացիներ որոշեցին հրաժարվել ամենամյա ուղեւորություններից, մի հոծ զանգված էլ հավատարիմ մնաց այդ օրը հարազատների հետ անցկացնելու ավանդույթին: Դրա պատճառով բազմամարդ էին օդանավակայաններն ու գնացքի կայարանները: Ինչպես ԱՄՆ-ի գլխավոր համաճարակաբան Էնթընի Ֆաուչին է ասել, վարակակիրների թիվն անհամեմատ կբարձրանա:
‘’Չենք ուզում վախեցնել մարդկանց, սակայն չենք էլ կարող կոծկել իրականությունը’’, ասում է նա:
Հիվանդության տարածման աճ գրանցվելուց հետո, ԱՄՆ-ի ամենամարդաշատ Լոս Անջելեսի մարզում ուժի մեջ են մտնում նոր սահմանափակումներ: Համաձայն այդ որոշման, երեք շաբաթ մարդիկ պիտի մնան տանը: Սակայն ահա Նյու Յորքի քաղաքագլուխ Բիլ դը Բլասիոն հայտարարել է, որ բացվելու են դպրոցների տարրական դասարանները: Բժիշկները պնդում են, որ երեխաները կորոնավիրուսը չեն տարածում այնպես, ինչպես մեծահասակները:
‘’Եկեք փորձենք վերադարձնել երեխաներին դպրոց, բայց փորձենք հրաժարվել այն ամենից, որոնք սպառնում են ավելի տարածել վարակը: Խոսքը բարերի ու ռեստորանների մասին է’’, ասել է գլխավոր համաճարակաբանը:
Այսօր, երբ մեծ են հույսերը, որ պատվաստանյութերը շուտով կօգնեն հաղթահարելու այս հիվանդությունը, առողջապահության փորձագետները, միեւնույն է, հորդորում են շարունակել պաշտպանիչ միջոցները: ‘’Կրեք դիմակներ, խուսափեք մարդաշատ հավաքներից, պահպանեք սոցիալական հեռավորություն’’, կոչ են անում նրանք, ու պատրաստվում կայացնել որոշում այն մասին, թե ինչպես են բաշխվելու պատվաստանյութերի առաջին չափաբաժինները, երբ դրանք ստանան պետության կողմից արտոնագրեր: