Հազարավոր ցուցարարներ էին Ֆրանսիայում շաբաթ օրը դուրս եկել փողոցներ` պահանջելով կառավարությանը հրաժարվել անվտանգության հարցով ընդունված այն օրենքից, ըստ որի սահմանափակվում են ոստիկանների դեմքը ցուցադրելու լրագրողների իրավունքները:
Ելույթ ունենալով ուրբաթ օրը երեկոյան` երկրի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է, թե երաժշտության սեւամորթ պրոդյուսեր Միշել Զեքլերին Փարիզում ծեծի ենթարկելու փաստն ‘’ամոթալի’’ հանգամանք է Ֆրանսիայի համար:
Փարիզում ու մի շարք այլ քաղաքներում անցկացված ցույցերի մասնակիցները կրում էին ‘’Ոստիկանությունն ամենուր է, արդարությունը` ոչ մի տեղ’’, Ժպտա, երբ քեզ ծեծում են’’ եւ նման ոճի գրառումներով այլ պաստառներ:
Փարիզում անցկացված ցույցի ժամանակ մասնակիցները շուռ են տվել մի ավտոմեքենա, կազմել բարիկադ, բռնկել հրդեհ: Որոշ ցուցարարներ քարեր են նետել անվտանգության ուժերի ուղղությամբ:
Ցույցեր են անցկացվել նաեւ Բորդո, Լիլ, Մոնտպելիեր եւ Նանն քաղաքներում:
Նշված պրոդյուսերին չորս ոսիտկանների կողմից ծեծի ենթարկելու հարցով սկսվել է հետաքննություն: Մեկնաբաններն ասում են, որ այդ ոստիկանների լուսանկարները հրապարակելու հնարավորություն մամուլը չէր ունենա, եթե արդեն ընդունված լիներ օրենքը:
Այդ օրենքը քրեական պատասխանատվություն է ենթադրում ոստիկանների լուսանկարները հրապարակող մամուլի միջոցների նկատմամբ, քանի որ, ինչպես օրենքը կազմողներն են ասում, լուսանկարների հրապարակումը կարող է ‘’ոստիկաններին սպառնալ ‘’ֆիզիկապես ու հոգեբանորեն’’: