Թուրքիայի դատարանը ցմահ ազատազրկման մասին որոշումներ կայացրեց զինված ուժերի նախկին 337 սպաների ու քաղաքացիական մի շարք անձան նկատմամբ` նրանց մեղադրելով 2016 թվականի հեղաշրջման ձախողված փորձին իրենց մասնակցության համար: Աքինչիի օդային ռազմաբազայում դատական գործընթացը սկսվել է երեք տարի առաջ, որտեղ մինչ այժմ լսվել են 475 անձանց, այդ թվում` գեներալների, կործանիչ օդանավերի օդաչուների գործերը: Դատավարության ժամանակ որպես պաշտպանյալ է հայտարարվել նաեւ ներկա պահին ԱՄՆ-ում բնակվող թուրք հոգեւորական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենը: Անկարան նրան մեղադրում է հեղաշրջման փորձը հրահրելու մեջ: Գյուլենը հերքում է մեղադրանքները:
Հինգշաբթի օրն անցկացված դատական նիստի ժամանակ ներկա պաշտպանյալները մեղադրվում էին հեղաշրջման փորձը ղեկավարելու եւ կառավարության շենքերը, այդ թվում խորհրդարանի շենքը ռմբակոծելու մեջ:
Դատախազները հեղաշրջման փորձի մասնակիցներին մեղադրում են հենց Աքինչիի օդային ռազմաբազան որպես իրենց շտաբ կայան կիրառելու մեջ: Այս գործողության ընթացքում հեղաշրջման փորձի մասնակիցներն այստեղ մի քանի ժամով գերեւարել էին զինված ուժերի մի քանի հրամանատարների, այդ թվում գեներալ Հուլուսի Աքարին, որն այժմ Թուրքիայի պաշտպանության նախարարն է:
Հեղաշրջաման փորձի մասնակիցները մեղադրվում են նաեւ պետության ու սահմանադրական կարգի դեմ իրականացված գործողությունների, երկրի նախագահին սպանելու փորձի, ահաբեկչական կազմակերպություն ղեկավարելու, իրականացված սպանությունների մեջ:
2017 թվականի օգոստոս ամսին դատավարությունը սկսվելուց ի վեր, այստեղ ձերբակալվել է մոտ 77 հազար մարդ: 130 հազար այլոք հեռացվել են պետական աշխատանքներից: