Մատչելի հղումներ

Բայդընի վարչակազմի գլխավոր անդամները


ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում ընտրված Ջո Բայդընն արդեն հայտարարում է արտաքին ու անվտանգության հարցերով պատասխանատու պաշտոններում իր նշանակումների մասին:

‘’Այս թիմն արտացոլելու է Ամերիկան հետ բերելու, աշխարհում որոշիչ դերը վերստանձնելու, այլ ոչ թե նահանջելու մեր խոստումը’’, հայտարարում է Բայդընը:

Սենատի կողմից հաստատում ստանալուց հետո Պետդեպարտամենտի նախկին երկու պաշտոնյաներ, որոնք ծառայել են Բարաք Օբամայի վարչակազմում, կզբաղեցնեն դիվանագիտական բարձրագույն պաշտոնները: Պետքարտուղարի նախկին տեղակալ Էնթընի Բլինքենը պետքարուղարի պաշտոնում Բայդընի ներկայացրած թեկնածուն է: ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում է Բայդընն ուզում տեսնել Լինդա Թոմաս Գրինֆիլդին, որը եղել է աֆրիկյան հարցերով փոխպետքարտուղարը:

‘’Ամերիկան հետ է վերադառնում, բազմակարծությունը հետ է գալիս ԱՄՆ, վերադառնում է իսկական դիվանագիտությունը’’, ասում է Գրինֆիլդը:

Պատմական դաշինքները եւ բազմակողմանիությունը վերականգնելու Բայդընի ձգտումը շրջադարձ է նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունից, որն ուղորդվում էր ‘’Նախ եւ առաջ` Ամերիկան’’ սկզբունքով:

Ինչպես Բրուքինգզի հաստատությունից Ջոն Հուդաքն է ասում, ‘’Սա մի կարեւոր ուղերձ է աշխարհի ոչ միայն ժողովրդավարական երկրների առաջնորդներին, այլ նաեւ բռնակալներին, որոնց նկատմամբ Թրամփի վերաբերմունքը եղել է շատ հակասական’’:

Իր նոր վարչակազմը կազմելիս, Բայդընը հաշվի է առնում նաեւ բազմազանությունը: Սենատում հաստատվելու դեպքում, հետախուզական գործակալություննեը կգլխավորի այս պաշտոնում առաջին կինը` Ավրիլ Հայնեսը, Ջանեթ Ելենը կդառնա ֆինանսների առաջին կին նախարարը, ներքին գործերի նախարարությունն առաջին անգամ կղեկավարի լատինամերիկյան ծագումով Ալեհանդրո Մայորկասը:

43-ամյա Ջեյք Սուլիվանը կգրանցվի որպես անվտանգության հարցերով մինչ այժմ ամենաերիտասարդ խորհրդականը: Նախկին պետքարտուղար Ջոն Քերրին, որը ժամանակին մեծ դեր ունեցավ կլիմայի հարցով Փարիզի համաձայնագիրը կազմելու գործում, կղեկավարի կլիմայական փոփոխության դեմ Բայդընի պայքարը: Նպատակն ԱՄՆ-ը նորից այս պայմանագրի անդամ պետությունների կազմում ընդգրկելն է:

Չնայած Թրամփի այն հայտարարություններին, թե արժեթղթերի շուկան մեծապես կտուժի, եթե հաղթի Բայդընը, անցումային փուլը սկսվելուց ի վեր արժույթի շուկայում ամեն օր գրանցվում է գների աճ:

Ու չնայած այն հանգամանքին, որ նախագահական անցման գործըթացը սկսվել է, Թրամփը Գոհաբանության տոնի կապակցությամբ արտասանած իր խոսքում որեւէ կերպ չի նշում Բայդընի անունը:

XS
SM
MD
LG