Մատչելի հղումներ

Պատվաստանյութերի արագ գլոբալ տարածման հույսեր կան. Oxford-AstraZeneca պատվաստանյութը էժան է և չի պահանջում ցածր ջերմաստիճանային պայմաններ 


Բրիտանիայում և Բրազիլիայում 20 հազար կամավորների մասնակցությամբ փորձարկումների վաղ վերլուծությունը ցույց է տալիս, որ Օքսֆորդի համալսարան-ի և AstraZeneca-ի համատեղ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը առնվազն 70 տոկոս արդյունավետ է։ Կամավորների մոտ, որոնք հատուկ ռեժիմով ստացել են դեղաչափի կես չափաբաժին,ապա լրիվ դեղաչափը, այդ ցուցանիշը հասել է 90 տոկոսի: Պատվաստանյութ ստացածներից ոչ մեկի մոտ չի առաջացել ծանր COVID-19:

Օքսֆորդի պատվաստանյութերի խմբի տնօրեն Էնդրյու Փոլարդն ասել է.

«Իրոք, հիանալի է, որ այժմ մենք ստացել ենք բազմաթիվ պատվաստանյութեր: Եթե մենք կարողանանք դրանք հնարավորինս արագ տարածել, մեծ արդյունք կունենանք»:

AstraZeneca- ն նախատեսում է տարեվերջին մատակարարել հարյուր միլիոնավոր չափաբաժիններ՝ կախված կարգավորող մարմնի հաստատումից: Բժիշկներն ասում են, որ պատվաստանյութի մի քանի հատկություններ այն հարմար են դարձնում գլոբալ տարածման համար:

Օքսֆորդի համալսարանի համաշխարհային առողջապահության փորձագետ, դոկտոր Փիթեր Դրոբակը կարծում է. «Առաջինն արժեքն է: Այս պատվաստանյութի գինն ավելի ցածր է, քան Pfizer-ի և Moderna-ի մշակած պատվաստանյութի գները»:

AstraZeneca- ն խոստացել է, որ համաճարակի ընթացքում պատվաստանյութից շահույթ չի ստանա:

Առողջապահության համաշխարհային փորձագետ, Օքսֆորդի համալսարանի դոկտոր Փիթեր Դրոբակն ասել է. «10 երկրներում այն արդեն արտադրվում է: Հնդկաստանում արտադրական շատ մեծ գործընկեր կան: Մենք հույս ունենք, որ շատ մեծ քանակությամբ դոզաներ շատ արագ հասանելի կդառնան: Այս պատվաստանյութը միայն սառնարանային ջերմաստիճանի է պահանջում»:

Մինչդեռ Pfizer պատվաստանյութը պահանջում է պահեստավորում մինուս 70 աստիճան ցելսիուսում:

Զարգացող երկրներում շատ առողջապահական համակարգեր չունեն սառնարանային պայմաններ դեղերը չափազանց ցուրտ ջերմաստիճանում պահելու համար:

Մինչ այժմ 188 երկիր ստորագրել է մի նախաձեռնություն, որը կոչվում է COVAX, որտեղ ավելի հարուստ երկրները ներդրումներ են կատարում մի քանի պատվաստանյութերի և դրանց ամբողջ աշխարհում տարածման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների մշակման մեջ:

Ըստ դոկտոր Փիթեր Դրոբակ՝ «Կատարյալ նպատակը կլինի այն, որ COVAX-ին մասնակցող երկրներից յուրաքանչյուրը մինչև 2021 թվականի ավարտը պատվաստանյութ ստանա իր բնակչության 20 տոկոսի համար: Հիմա դա, իհարկե, ձգտում է, ոչ թե երաշխիք: Բայց դա թույլ կտա յուրաքանչյուր երկիր գոնե սկսել ծածկել առավել խոցելի խմբերին, առաջնագծի աշխատողներին և այլն»:

Հնարավոր է, որ առաջիկա շաբաթների ընթացքում կարգավորող մարմինների կողմից պատվաստանյութերի առաջատար թեկնածուներին տրվի արտակարգ կիրառման հաստատում՝ հույս ունենալով, որ աշխարհը համաճարակի դեմ պայքարում լուրջ առաջխաղացման եզրին է:

Միևնույն ժամանակ, բժիշկներն ասում են՝ կարևոր է, որ մարդիկ հետևեն վիրուսի փոխանցումը կանխող միջոցներին:

XS
SM
MD
LG