Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում նախագահական գործադիր հրամանների եւ նոր նշանակումների հարուցած խնդիրները


Միացյալ Նահանգների նախագահները, երբեմն փորձելով շրջանցել Կոնգրեսը, կիրառում են նախագահական գործադիր հրահանգների, հայտարարությունների ու հռչակագրերի իրավունքը:

Այդ իրավունքը կիրառելով` Դոնալդ Թրամփը 2017 թվականին ժամանակավորապես կրճատեց մահմեդական մի շարք երկրներից ներգաղթը` պատճառաբանելով ահաբեկչության վտանգը: Ի վերջո ներգաղթի վրա պահպանվեցին որոշ սահմանափակումներ, որոնք Ջո Բայդընի պաշտոնավարման ընթացքում կարող են վերացվել: Ինչպես փորձագետներն են ասում, նախագահական նման հրամանագրերը գնում են այնպես արագ, ինչպես եկել էին:

Նախագահական գործադիր առաջին հրամանը կայացրել է առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնը: Նման հրամանագրով ստրուկներին ազատություն տալու մասին է հայտարարել Աբրահամ Լինքոլնը: Ֆրանքլին Ռուզվելտն արձակել է մինչ այժմ ամենամեծ թվով նախագահական հրամանները: Նրա օրոք արձակվել է նման 3700 հրաման:

Միակողմանի գործողություններ կատարելու իրավասությունը սահմանված չէ Սահմանադրության մեջ: Այնտեղ պարզապես ասված է, որ նախագահը ղեկավարում է կառավարության գործադիր իշխանությունը: Սակայն այս փորձառությունը տարածում գտավ, քանի որ Սահմանադրության համաձայն գործադրին տրվում է մեծ իշխանություն:

Թրամփը եւս, օգտվելով այդ իրավունքից, այն կիրառել է վիճահարույց մի շարք հարցեր իր հայեցողությամբ լուծելու համար: Խոսքն օրինակ կլիմայի հարցերով Փարիզի համաձայնագրից ԱՄՆ-ը դուրս բերելու մասին է, երբ նա դրան գնաց Կոնգրեսը շրջանցելու եղանակով:

Իր կառավարման առաջին տարվա ընթացքում Թրամփն արձակել է նախագահական 55 հրահանգ, որոնցից մեկը հարավային սահմանին պարիսպ կառուցելու մասին էր:

Նման հրամաններ արձակելու դեպքում նախագահները երբեմն բանակցում են օրենսդիր մարմնի հետ: Սակայն շատ հաճախ են այս հրամանները դառնում մեծ խնդիր: Հիշել կարելի է Կորեական պատերազմի ժամանակ պողպատի հանքերն ազգայնացնելու Հարրի Թրումանի հրամանը:

Նախագահական հրամաններ արձակելու վիճահարույց իրավունքից զատ, նախագահներն ունեն իրենց հետքը թողնելու մեկ այլ եղանակ: Պաշտոնին հրաժեշտ տալու վերջին երկու ամիսների ընթացքում նախագահները, ինչպես Դոնալդ Թրամփն է այժմ անում, կառավարության բարձրաստիճան պաշտոններում են նշանակում իրենց հավատարիմներին:

Հատկապես այն դեպքում, երբ նախագահությունը մի կուսակցությունից անցնում է մյուսին, եկող նախագահի, տվյալ դեպքում Ջո Բայդընի համար ստեղծվում են փոփոխություններ իրականացնելու հարցում լուրջ խոչընդոտներ:

XS
SM
MD
LG