Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի հանրապետականների մի մասը պնդում է, որ Թրամփն իր պարտությունը չպիտի ընդունի, ինչ էլ որ լինի


Քանի դեռ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցները բողոքի ցույցեր են անցկացնում ու հանդես գալիս ընտրությունների արդյունքն օրինակ Ջորջիա նահանգում չեղարկելու պահանջով, նահանգի իշխանությունները վերահաստատում են, որ հաղթանակը Ջո Բայդընի օգտին է:

Նահանգի պետքարտուղար Բրեդ Ռաֆենսբերգերը, որի պարտականություններն ուղղակիորեն կապված են ընտրությունների հետ, հայտարարում է, որ հաշվարկված քվեները լիովին արտացոլում են մարդկանց կարծիքն ու վերաբերմունքը:

Թրամփի ընտրարշավը եւ ինքը Թրամփը մեղադրում են դեղագործական ընկերություններին այն բանի համար, որ վերջիններս, ինչպես իրենք են ասում, կովիդ հիվանդության դեմ պատվաստանյութերի պատրաստ լինելու մասին հայտարարեցին ոչ թե մինչեւ ընտրությունները, այլ սպասեցին դա անել ընտրություններից հետո, որպեսզի այն դրական լիցք չհաղորդեր հօգուտ Թրամփի:

Թրամփի այս կեցվածքը շատերը համարում են նրա վարած քաղաքականության կրկնություն: Ինչպես Վանդերբիլթի համալսարանի դասախոս Վանեսա Բիսլին է ասում, Թրամփը ժամանակին զբաղված էր մամուլը կեղծ անվանելու գործով, հիմա էլ զբաղված է ընտրությունները կեղծված համարելու գործունեությամբ:

Հիմա, երբ Թրամփի ընտրարշավի թիմին չի հաջողվում հաղթել դատարաններում, այժմ էլ փորձում են տեղական օրենսդիր մարմիններում հանրապետական մեծամասնություն ունեցող նահանգներում հասնել նրան, որ այդ մարմինները չեղարկեն Բայդընի հաղթանակը եւ ընտրական կոլեգիայի անդամներ նշանակեն նրանց, որոնք կքվեարկեին Թրամփի օգտին: Այս քայլը նույնպես չի կարող ունենալ հաջողություն, սակայն կարող է հարցականի տակ դնել ԱՄՆ-ում ընտրական համակարգի արդյունավետությունը:

Հանրապետականների 45 տոկոսն այսօր ասում է, որ Թրամփն ի վերջո պետք է ընդունի իր պարտությունը, 27 տոկոսն է մինչ այժմ մնում անդրդվելի, ում խոսքերով, Թրամփը պիտի չընդունի պարտությունը, ինչ էլ, որ լինի:

XS
SM
MD
LG