ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մի նոր հարված ստացավ այն բանից հետո, երբ Միչիգանի ընտրական հանձնաժողովը հայտարարեց, որ չի չեղարկելու այս նահանգում Ջո Բայդընի հաղթանակը: Ավելի վաղ Ջորջիա նահանգն էր հանդես եկել նման հայտարարությամբ:
Սակայն Թրամփը, որն ընտրություններից հետո շատ հազվադեպ է երեւում հանրության առջեւ, շարունակում է հայտարարել, թե հաղթողն ինքն է ու պնդում, որ տեղի են ունեցել բազում խախտումներ: Հիմա Թրամփի թիմը հույս ունի իրենց օրենսդիր մարմիններում հանրապետական մեծամասնություն ունեցող նահանգների ղեկավարներին համոզել, որպեսզի նրանք անտեսեն ընտրությունների արդյունքը եւ իրեն հայտարարեն հաղթող: Այդ պատճառով դեմոկրատները մեղադրում են Թրամփին պաշտոնական իր դիրքը չարաշահելու մեջ, որը նրանց խոսքերով, փորձում է գտնել ընտրական կոլեգիայի անդամների վրա ազդեցություն գործելու լծակներ: Հիշեցնենք, որ այս խորհրդի անդամներն են դեկտեմբերի 14-ին քվեարկելու ըստ իրենց նահանգի ընտրած թեկնածուի: Նրանց քվեարկությունից հետո պաշտոնապես կհայտարարվի ընտրությունների արդյունքը:
Իսկ այս ընթացքում նախագահի պաշտոնում գրեթե ընտրված Ջո Բայդընը քայլեր է իրականացնում անցումն ապահովելու համար: Ուրբաթ օրը նա հանդիպումներ է ունեցել Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ նախագահ Նենսի Փելոսիի եւ Սենատում դեմոկրատ փոքրամասնության ղեկավար Չաք Շումերի հետ: Նրանք քննարկել են աշխատավոր ընտանիքներին ու փոքր բիզնեսներին կորոնվիրուսի համաճարակի ընթացքում օգնություն ցուցաբերելու հետ կապված հարցեր: Բայդընը նաեւ ներկայացրել է իր կառավարման առաջին հարյուր օրերի օրակարգը:
Այլ հաղորդագրությունների համաձայն, որը նորից խոսում է նախագահի պաշտոնից Թրամփի հեռանալու ուղու մասին, Թվիթերը նախապատրաստում է նախագահական @POTUS հաշվեհամարը Թրամփից շուտով փոխանցել Ջո Բայդընին:
Իսկ ի՞նչ կլինի, եթե Թրամփը մինչեւ նախագահական երդմնակալության օրը հրաժարվի ընդունել իր պարտությունը:
Հունվարի 20-ին, ժամը 12ն անց մեկ րոպեին ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունը եւ ԱՄՆ-ի բանակը երկրի արդեն նախկին նախագահին կարող են վերաբերվել այնպես, ինչպես կվերաբերվեին պետական հաստատություն առանց իրավունքի մուտք գործած որեւէ մեկին: