Մատչելի հղումներ

Լեռնային Ղարաբաղում իրադարձությունների զարգացման շուրջ


Այսօր, երբ Լեռնային Ղարաբաղի պատերազմի վերքերը դեռ շատ թարմ են ու հարցերը` շատ, Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարում է, թե ադրբեջանական բանակի կողմից Ղարաբաղը ‘’ոչնչացնելու’’ մասին Արեւմուտքի քաղաքական գործիչների բողոքը մեծ սխալ է: ‘’Այդ հայտարարությունները հենված են լիովին սուտ գնահատականների վրա: Ադրբեջանը ոչինչ չի արել ընդդեմ միջազգային օրենքների’’, հայտարարել է Հուլուսի Աքարը: Նա, իր խոսքերով ասած, բոլոր նրանց է նախազգուշացնում հեռու մնալ նման հայտարարություններ անելուց, ովքեր դատապարտում են ադրբեջանական բանակին:

Սակայն Ադրբեջանին ու Թուրքիային դատապարտող հայտարարությունները չեն մարում աշխարհում: Ֆրանսիայի մի քանի այլ քաղաքների միացան նաեւ Մարսելն ու Սենտ Էտիենը, որոնց քաղաքային խորհուրդները Ֆրանսիայի կառավարությանը կոչ են անում անհապաղ ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Սենատը եկող շաբաթ քննարկելու է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձեւի նախագիծը, որը կոչ է անում ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը:

Նախագիծը նաեւ դատապարտում է Էրդողանի գործողությունները, ինչպես նաեւ պահանջում սկսել Լեռնային Ղարաբաղում իրագործված ռազմական հանցագործությունների միջազգային հետաքննություն:

Իսկ ահա Հայաստանում խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր 16 կուսակցությունների ներկայացուցիչները շարունակում են հանրահավաքային գործընթացները՝ քաղաքական նույն օրակարգով ու պահանջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Դրան ի պատասխան Ռուսաստանը նկատում է կնքված եռակողմ հայտարարության կատարումը կանգնեցնելու փորձերը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խորհրդակցության ժամանակ:

«Մենք զգում ենք դա, որ փորձում են կագնեցնել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության կատարումը, փորձում են թույլ չտալ, որ այդ հայտարարությունն ամբողջությամբ կատարվի, թեև բոլորը ստիպված են ընդունել, որ այն հաջողությամբ իրականացվում է: Խաղաղապահ առաքելության բնույթը փոխելու փորձերը մենք նույնպես տեսնում ենք, դեռ թաքուն, բայց դրանք նույնպես տեղի են ունենում», - ասել է Լավրովը:

Եվ ինչպես փորձագետներն են ասում, դեռեւս պարզ չէ, թե ինչպես կզարգանան հետագա իրադարձությունները, որոնցից շարունակ օգտվելու ուղիներ է որոնում Թուրքիան: Հայաստանը շատ արագ պետք է սկսի վերազինման ու ամրացման աշխատանքները», կոչ են անում նրանք:

Ինչ վերաբերում է Հայաստանի կառավարությանը, ապա այն վերահաստատում է ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունների զարգացման և խորացման ուղղությունը: Հայաստանում հանդիպումների ժամանակ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է. ‘’Մենք մեր այցը գնահատում ենք, որպես Հայաստանում հասարակության կայունությունն ապահովելու ուղղությամբ գործադրվող ջանքերին ՌԴ նախագահի աջակցության հաստատում, և, որպես մեր օժանդակության դրսևորում այն ուղու, որը Հայաստանի ղեկավարությունը` վարչապետը, նախագահը, պաշտպանում են՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունը պահպանելու համար, ինչը հնարավորություն է տվել դադարեցնել արյունահեղությունը և անցնել խաղաղ գործընթացների»:

Անդրադառնալով ԼՂ հակամարտության գոտում հրադադարի պահպանման գործում Թուրքիայի դերին` Սերգեյ Լավրովը շեշտել է, որ ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը գործելու է բացառապես հեռավար կերպով: Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի և դրա կայունացման շուրջ համագործակցության վերաբերյալ:

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն էլ ասել է, թե վստահ է, որ՝ Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման ռեժիմը կպահպանվի նաև առաջիկայում:

Ինչ վերաբերում է Թուրքիայի նկատմամբ միջազգային համայնքի վերաբերմունքին, ապա այդ բացասական վերաբերմունքը խորացվում է նաեւ Գերմանիայում, որտեղ ընդդիմադիր Ձախերի կուսակցությունը Կանաչների կուսակցության հետ միասին Թուրքիայի կողմից Արևելյան Միջերկրական ծովում, Լեռնային Ղարաբաղում, Լիբիայում և Սիրիայում վարվող ռազմատենչ քաղաքականության և մարդու իրավունքների ոտնահարումների համար Բունդեսթագ են ներկայացրել մի օրինագիծ, որը նախատեսում է Թուրքիայի համար զենքի մատակարարման էմբարգոյի սահմանում։

Chatham House հաստատության վերլուծաբան Լորենս Բրոերսի կարծիքով, դժվարությունները դեռեւս առջեւում են: Ըստ վերլուծաբանի, համաձայնությունը հիմք չէ հակամարտության երկարաժամկետ կարգավորման համար: ՛՛Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բուն հարցը նույնիսկ նշված չէ փաստաթղթում, նշում է Բրոերսը ու ենթադրում, որ Մոսկվան պետք է զգուշավոր քաղաքականություն վարի երկու երկրների հանդեպ, եթե ցանկանում է կանխել հետագա լարվածությունը:

Սթենֆորդի համալսարանի Ֆրիման Սպոգլիի միջազգային հետազոտությունների հաստատության տնօրեն Մայքլ Մաքֆոլը, ով նախկինում եղել է ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպան, ԼՂ շուրջ հրադադարի համաձայնագիրը որակում է Պուտինի դիվանագիտական հաղթանակ: ‘’Դա վերահաստատում է այն, ինչի մասին Պուտինը և նրա շրջապատը երազել են 20 տարի: Խոսքը տարածաշրջանում գերիշխող դիրքի մասին է’’, ասում է Մաքֆոլը եւ տարակուսանք հայտնում, որ այս վերջին զարգացումներում ամբողջապես բացակայում էր Մինսկի խումբը:՛’’Դա ինձ համար նշանակում է, որ նախ և առաջ բացակայում էր ԱՄՆ’’, ասում է նա:

Սակայն դեռևս պարզ չէ, թե ինչպիսի դիրքորոշում կորդեգրի ԼՂ և տարածաշրջանի հարցում ԱՄՆ-ի նոր վարչակազմը: ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիկի կարծիքով նորընտիր նախագահ Ջո Բայդենը մեծ փորձ ունի արտաքին քաղաքականության ոլորտում: ‘’Նա երկար տարիներ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն էր, ուստի ծանոթ է տարածաշրջանի խնդիրներին: Նրա թիմի անդամները ևս լավ են հասկանում ԼՂ հիմնախնդիրն ու տարածաշրջանը’’, շեշտում է Ուորլիկը:

‘’Ես ակնկալում եմ, որ գալիք վարչակազմը շատ ավելի մեծ դեր կխաղա այս հարցում, քան Թրամփի վարչակազմը: Հուսով եմ, որ մենք լիովին կներգրավվենք, քանի որ դա բխում է տարածաշրջանի շահերից’’,- ասել է նա:

XS
SM
MD
LG