Մատչելի հղումներ

 
Կովկասում իր ազդեցության շրջանակներն ընդլայնելու Անկարայի փորձերն արժանանում են Մոսկվայի ընդդիմությանը

Կովկասում իր ազդեցության շրջանակներն ընդլայնելու Անկարայի փորձերն արժանանում են Մոսկվայի ընդդիմությանը


Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի ու Ադրբեջանի համատեղ ուժերով իրենց համար գրանցված հաջողությունն Անկարային տալիս է Կովկասում ազդեցության իր շրջաններն ընդլայնելու հնարավորություն: Այս մասին է հաղորդում պատրաստել Թուրքիայում ‘’Ամերիկայի Ձայն’’-ի թղթակից Դորիան Ջոնսը: Նա հիշեցնում է, որ մարտերի ժամանակ որոշիչ դեր էին կատարել ԱԹՍ-երը: Այժմ, ստանալով Ադրբեջանի աջակցությունը, Անկարան փորձում է պարտադրել իր ռազմական ներկայությունը` այստեղ Ռուսաստանի խաղաղապահներին միանալու եղանակով:

Թուրքիան, սակայն, այս հարցում արժանանում է ընդդիմության, պատմում է ‘’Ամերիկայի Ձայն’’-ի ստամբուլյան թղթակիցը եւ մեջբերում Բոննի համալսարանի դասախոսներից Զաուր Գասիմովի այն խոսքերը, որոնց համաձայն, ‘’Ռուսաստանը չի ցանկանում այն ընդունել նման պայմաններով: Նույնը վերաբերում է նաեւ Թեհրանին: Սակայն միեւնույն ժամանակ, Ռուսաստանը համագործակցո՛ւմ է Թուրքիայի հետ’’, ասում է վերլուծաբանը ու հիշեցնում այն փաստը, որ չնայած միմյանց միջեւ առկա տարաձայնություններին, Մոսկվան ու Անկարան դա կարող են հաղթահարել այնպես, ինչպես անում են Սիրիայում ու այլ հատվածներում:

Այո, Ռուսաստանի ու Թուրքիայի ուժերն արդեն իսկ համագործակցում են Սիրիայում, հակառակ այն հանգամանքին, որ տեղի քաղաքացիական պատերազմում աջակցում են հակադիր կողմերին:

Նման համագործակցությունը մերձեցնում է Անկարային Մոսկվայի հետ, ինչը մտահոգության տեղիք է տալիս ՆԱՏՕ-ում: Այստեղ ունեն մտավախություն, որ Լեռնային Ղարաբաղում ռուս-թուրքական համագործակցությունը կարող է ավելի սերտացնել Ռուսաստանի հետ Թուրքիայի կապերը:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի մամուլի կողմից այս փաստի նկատմամբ արձագանքներին, պետք է ասել, որ հրապարակումներում նրանք մտահոգություն են հայտնում Կովկասում Թուրքիայի աճող ներկայության կապակցությամբ: Իհարկե կան վերլուծաբաններ, որոնք փորձում են վստահեցնել, որ Ռուսաստանի ջանքերով հրադադարի հաստատումը վկայում է Ռուսաստանի շարունակական գերակայության փաստը:

Ստամբուլի Քադիր Հազի համալսարանի դասախոսներից Սոլի Օզելն ասում է, թե ռուսները վեց շաբաթ անգործունյա մնալուց հետո, մի քանի ժամվա ընթացքում որոշեցին պատերազմի ելքը, ինչը նրանց տալիս է իրադրությունը վերահսկելու ոչ միայն հնարավորություն, այլ նաեւ աշխարհին ցույց տալու միջոց, որ Արեւմուտքը չունի տեղ Կովկասում:

Կովկասում Մոսկվայի ու Անկարայի համագործակցության հետեւանքն այն է, որ գոնե այս պահին մեղմվում է նրանց միջեւ տարածաշրջանային մրցակցությունը:

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, ապա նրանք պիտի ձեռք բերեն նոր կյանք կառուցելու ուժ ու կորով:

XS
SM
MD
LG