Մատչելի հղումներ

Կոչ, որ Թրամփի անցումային թիմը Բայդընի թիմին փոխանցի կորոնավիրուսի մասին բոլոր տվյալները


Դոնալդ Թրամփը, որն, առանց լուրջ փաստեր ներկայացնելու, շարունակում է պնդել, թե նախագահական ընտրություններում տեղի են ունեցել մեծ խախտումներ, դեռեւս թույլ չի տալիս, որ սկսվի կառավարության փոխանցման սահուն անցում: Ջո Բայդընի խոսքերով, սա վտանգի տակ է դնում հասարակական կարգը:

Ինչպես նրա անցումային թիմի անդամներն են ասում, ‘’ԱՄՆ-ի շահերից է բխում, որ իշխանության փոխանցումը կարգավորող թիմն ունենա երկրի նկատմամբ առկա սպառնալիքների մասին տեղեկությունները, ունենա կորոնավիրուսի համաճարակի ու պատվաստանյութերի ու սկսված ծրագրերի մասին հստակ տեղեկություններ’’:

Անցած հինգ ամիսների ընթացքում նախագահ Թրամփը եւ ոչ մի անգամ չի մասնակցել վիրուսի հարցով աշխատանքային խմբի հանդիպումներին: Սակայն նա խոսել է կովիդ 19 հիվանդության դեմ պատվաստանյութերի շուրջ, հայտարարելով, թե ‘’միլիոնավոր չափաբաժիններ շուտով հասանելի կլինեն մարդկանց համար’’:

Կորոնավիրուսի հարցերով Սպիտակ տան աշատանքային խմբի անդամներից Բրեթ
Ջիրարի խոսքերով, վարակի դեմ Թրամփի վարչակազմի իրականացրած ջանքերը հայտնի են հասարակությանը, այդ թվում` Բայդընի թիմին:

Սակայն հանրապետականներից շատերն են հորդորում, որ Թրամփի թիմը ցուցաբերի մեծ պատրաստակամություն: Նրանցից Թրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը կոչ է անում, որ Սպիտակ տունը Բայդընի թիմին փոխանցի համաճարակի մասին իր մոտ առկա բոլոր տեղեկությունները:

Ըստ Ջոնս Հոփքինզի համալսարանի տվյալների, ԱՄՆ-ում այսօր կա կորոնավիրուսով վարակված 11 միլիոն մարդ: Այստեղ գրանցվել է ավելի քան 250 հազար մահացության դեպք, եւ երկիրը շարունակում է մնալ հիվանդության թվով առաջին տեղում աշխարհում:

XS
SM
MD
LG