Կորոնավիրուսն աշխարհում խլել է ավելի քան մեկ միլիոն մարդու կյանք: Վիրուսը շարունակում է տարածվել ու ցույց չի տալիս մարելու նշաններ: Մարդիկ էլ սակայն, հոգնել են համաճարակային իրավիճակից, հոգնել են դիմակներ կրելուց, սոցիալական հեռավորություն պահպանելուց: Բժշկական անձնակազմերի անդամները հոգնել են գերլարված աշխատանքից, ամեն օր շնչահեղձ եղող անձանց մահը գրանցելուց, երբ մահացող հիվանդի մոտ բացի իրենցից, չի լինում եւ ոչ մի հարազատ:
‘’Հեշտ չէ ամեն օր մահ տեսնելը’’, ասում են նրանք:
Մարդիկ սկսում են անտեսել հիվանդության վտանգը ու հրաժարվում պաշտպանիչ միջոցներից, սակայն իր հարձակողական կեցվածքից չի հրաժարվում կովիդ 19-ը: Այն շարունակում է տարածվել հատկապես ցույցերի ու հանրահավաքների ժամանակ, քաղաքական պահանջներով դուրս եկած անձանց դարձնում հիվանդության նոր զոհեր:
Չնայած այն հանգամանքին, որ հիվանդության դեմ պատվաստանյութերը շուտով կլինեն հասանելի, փորձագետներն ասում են, որ մարդիկ չպետք է կորցնեն զգոնությունը եւ այս համընդհանուր հոգնածությունը պիտի հաղթահարեն կամքի ուժով: