Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի հետընտրական զարգացումներ՝ ձայների հաշվարկ ու դատական հայցեր


Նախագահ Դոնալդ Թրամփի թիմն ակտիվացնում է իր գործունեությունը իրավական դաշտում՝ մի շարք նահանգներում վիճարկելով ձայների հաշվարկի ընթացքը այն բանից հետո, երբ դեմոկրատների թեկնածու Բայդենը ձայների թվով անցավ առաջ մի շարք կարևոր նահանգներում

Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենն այս պահին ավելի մոտ է հաղթանակին ու 270 ձայներ հավաքելուն, քան նախագահ Դոնալդ Թրամփը: Իր ելույթում նա համբերության և հանդարտության կոչեր հնչեցրեց:

Իր հերթին նախագահ Թրամփը դեմոկրատներին մեղադրեց ընտրակեղծիքների ու ճնշումների մեջ՝պնդելով, որ նրանք գողանում են իր հաղթանակը: ՛՛Օրինական ձայների հաշվարկով ես հեշտությամբ հաղթել եմ՛՛,- հայտարարել է նախագահը՝ նշելով, որ անօրինական ձայների հաշվարկի միջոցով դեմոկրատները փորձում են գողանալ ընտրությունները: Սակայն որևէ ապացույց Թրամփի թիմն այս կապակցությամբ դեռևս չի ներկայացրել:

Նախագահ Թրամփի թիմը հիմքեր է նախապատրաստում ընտրությունները վիճարկելու համար: Արդեն իսկ հայցեր են ներկայացվել Նևադա, Միչիգան, Ջորջիա և Փենսիլվանիա նահանգներում ընթացող ձայների հաշվարկների մասին: Փենսիլվանիայում դատարանը որոշում է կայացրել ի օգուտ Թրամփի թիմի՝ թույլ տալով դիտորդներին դիտարկել ձայների հաշվարկը Ֆիլադելֆիայում, իսկ Միչիգանում ձայների հաշվարկը դադարեցնելու հայցը մերժվեց: Մերժվեց նաև Ջորջիա նահանգում մեկ այլ հայց, որը մեղադրում էր ընտրական հանձնաժողովի անդամներին անվավեր քվեաթերթիկները վավերների հետ խառնելու մեջ: Իսկ Նևադայում Թրամփի թիմը դիմել է դատարան՝ առանց ապացույցների պնդելով, որ քվերակությանը մասնակցել են հազարավոր քաղաքացիներ, ովքեր չեն հանդիսանում նահանգի բնակիչներ:

Բայդենի թիմը դատական այս հայցերը որակել է որպես ձախողված թիմի ռազմավարություն, որն ընդամենը փորձ է հետաձգել անխուսափելի պարտությունը: Նրանք վստահ են իրենց հաղթանակում:

Այժմ բոլորի հայացքներն ուղղված են դեպի Փենսիլվանիա և Ջորջիա նահանգներ, որտեղ նախկին փոխնախագահ Բայդենն առաջ է անցել նախագահ Թրամփից: Ջորջիայի իշխանությոնները չեն բացառել ձայների վերահաշվարկի հնարավորությունը, քանի որ տարբերությունը չափազանց փոքր է: Հաջողությանը հասնելու համար նախագահ Թրամփին այժմ անհրաժեշտ է հաղթանակ տանել երկու այդ նահանգներում, մինչդեռ Բայդենը կարող է հաղթել առանց որևէ նոր հաղթանակի, եթե Արիզոնայում և Նևադայում պահպանվեն իր առաջատար դիրքերը:

Facebook Forum

XS
SM
MD
LG